Գեյթսը Մասկին մանկսպանության մեջ է մեղադրում, իսկ Թալիբանն՝ արգելում շախմատը
Ինչ ենք կարդում այս առավոտ
Մինչ Պակիստանն ու Հնդկաստանը ռմբակոծում էին իրար, Պուտինը Զելենսկուն բոնակցություններ առաջարկում, Զելենսկին՝ ասում, որ սպասում է Պուտինին Ստամբուլում ամսի 15-ին, իսկ Թրամփը՝ փորձում բարիշացնել բոլորին, մենք կարդում էինք, ինչպես է Գեյթսը բարձրանում Մասկի շալակին։ Microsoft հիմնադիրն ասում է՝ լավ չէ, երբ աշխարհի ամենահարուստ մարդը սպանում է ամենաաղքատ երեխաներին, նկատի ունենալով USAID փակումն ու դրանից, օրինակ, Մալավիում ՄԻԱՎ-ը մորից պտղին փոխանցելու ծրագրի կրճատումը։ Նա նաև Մասկին մաղթեց մի օր հանդիպել երեխաներին, ովքեր իր գործողությունների հետևանքով բուժում չեն ստանա։
Իսկ ամերիկյան դատարանում ելույթ է ունեցել սպանված մարդու ԱԲ-ով ստացած ավատարը
Զոհի ընտանիքն օգտագործել է ձայնագրություններ, տեսանյութեր և լուսանկարներ՝ ստեղծելով նրա թվային տարբերակը։ԱԲ-ով ստեղվծած զոհն ասել է, որ հավատում է ներողամտությանը և Աստծուն՝ շեշտելով, որ հնարավոր է՝ ուրիշ հանգամանքներում ինքն ու մարդասպանը կարող էին ընկերներ լինել։ Մարդասպանը ճանաչվել է մեղավոր և դատապարտվել 10.5 տարվա ազատազրկման։
Նույն աշխարհում, միաժամանակ, կա երկիր, ուր արգելում են շախմատը
Խոսքն Աֆղանստանի մասին է, ու որոշման հիմնավորումը ցնցող է․ ասում են՝ արգելում ենք, քանի որ այն կարող է խթանել խաղամոլությունը, ինչը հակասում է իսլամական օրենքներին։ Այս որոշումը կայացվել է «Բարոյականության խթանման և անբարոյականության կանխարգելման» նախարարության կողմից, որը նաև լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան՝ հայտարարելով, որ շախմատը «հարամ» է։
Իսկ Իսրայելը 43 տարի փնտրելուց հետո գտել է Սիրիայում զոհված իր զինվորի աճյունը
«Մոսադի» և բանակի իրականացրած հատուկ գործողության արդյունքում հայրենիք են վերադարձվել 1982-ին Սուլթան Յակուբի ճակատամարտում զոհված ավագ սերժանտ Ցվի Ֆելդմանի աճյունը։ Նա համարվում էր անհետ կորած ավելի քան 40 տարի։ Նեթանյահուն Տել Ավիվում անձամբ է այցելել Ֆելդմանի ընտանիքին՝ հաղորդելու լուրը։