Սիրիայի ծովափնյա քաղաքներում ալավիների սպանդ է տեղի ունենում նոր իշխանության հովանավորած զինյալների դեմ ապստամբությունից հետո։ Զոհերի թիվն անցել է 1300-ը։ Մարդկանց սպանել են սեփական տներում՝ ընտանիքներով, սոցցանցերը հեղեղված են դաշտերում ու քաղաքներում սպանված քաղաքացիականների մարմինների պատկերներով։
ԵՄ-ն ի պատասխան այս ամենի հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է Սիրիայի ափամերձ շրջաններում ժամանակավոր կառավարական ուժերի վրա Ասադին աջակցող տարրերի վերջին հարձակումները և խաղաղ բնակչության դեմ բոլոր բռնությունները»՝ առանց նշելու բռնության մեղավորներին: ՌԴ-ն ևս մտահոգ է, ԱՄՆ-ն մի փոքր ավելի կոնկրետ՝ պահանջել է պատժել ջարդերի հեղինակ ռադիկալ իսլամիստներին։ Որևէ քայլ ձեռնարկելու մասին խոսք չկա։ Փոխարենը Սիրիայում նոր «ասիչը»՝ Թուրքիան, հայտարարել է, որ Լաթաքիայում սադրանքներ են եղել նոր իշխանության դեմ։ Ու զուգահեռաբար հանդիպում է կազմակերպում Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի հետ՝ Իսլամական պետության դեմ պայքարելու հայտարարված նպատակով։
Կարճ այն մասին՝ ովքեր են ալավիները, այստեղ։
ChatGPT-ն էլ մոտ 4 մլրդ այցելու ունի ամեն ամիս
Ավելի կոնկրետ՝ 3,905 միլիարդ: Աճը, սակայն, գործնականում կանգ է առել: Միևնույն է, չաթբոթն այժմ 7-րդ տեղում է աշխարհում մոբայլ ու դեսքթոփ-թրաֆիքով։ ChatGPT-ն ավարտել է 2024 թվականը 15,5 միլիոն վճարովի բաժանորդներով, ինչը զգալիորեն գերազանցում է տարվա սկզբի 5,8 միլիոնը:
ԱՄՆ-ում էլ ուզում են հրաժարվել պանրի ռազմավարական պաշարներից հօգուտ բիթքոյնի
Ամերիկյան Bitcoin Policy Institute-ն առաջարկել է ԱՄՆ ռազմավարական բիթքոինի պահուստը համալրելու համար: վաճառել պանրի ռազմավարական պաշարը և հասույթով գնել ամենահայտնի կրիպտոարժույթը։ ԱՄՆ-ը ունի 3․4 մլրդ դոլարի պանիր, որը գնում է, այդ թվում, ֆերմերներին աջակցելու համար։ Արտադրողներին կմնա կաթի ֆերմաների տեղ բիթքոյնի ֆերմաներ հիմնել։
Google-ից էլ պահանջում են վաճառել Քրոմը
ԱՄՆ արդարադատության նախարարությունը շարունակում է պահանջել Google-ից վաճառել իր Chrome բրաուզերը՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է կոտրել ընկերության մենաշնորհը շուկայում։ Դեռ 2024 թվականի օգոստոսին դատարանը Google-ին մեղավոր էր ճանաչել իր գերիշխող դիրքը պահպանելու համար հակամրցակցային գործողությունների դիմելու մեջ։ Ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը միջոցներ է առաջարկել, ներառյալ Chrome-ի վաճառքը և Googleով որոնումը խթանելու համար գործընկերներին վճարումների արգելումը։
Google-ը նախատեսում է բողոքարկել՝ պնդելով, որ նման կտրուկ միջոցները կարող են վնասել սպառողներին, տնտեսությանը և ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է 2025 թվականի ապրիլին նշանակված լսումներից հետո։