2025-ի մայիսը երկրորդ ամենաշոգ ամիսն էր դիտարկումների ողջ ընթացքում։ Աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 15,9 °C՝ 1991–2020 թթ․ միջինից բարձր լինելով 0,65 °C-ով։ Եվրոպական Copernicus-ի տվյալներով՝ 2025 թ․ մայիսը ընդամենը 0,03 °C-ով է զով եղել մինչ այժմ ամենատաք՝ 2020 թ․ մայիսից։ Եղանակը տաքանում է 12 ամիս անընդմեջ։
Իսկ տարածաշրջանում իրավիճակը կարող է կտրուկ թեժանալ
ԱՄՆ-ը մասամբ տարհանում է Բաղդադում դեսպանատունը, թույլ տալիս տարհանում մի քանի այլ դեսպանատնից ու հրամայում է ստեղծել արագ արձագանքման կոմիտեներ Իրանին սահմանակից երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններում։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ սպառնալիք է հիմնավորել այդ քայլը, սակայն այն հաջորդում է Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, հնարավոր է խոցվեն ԱՄՆ-ի ռազմաբազաները տարածաշրջանում։
Meta.ai-ում տեսանյութեր խմբագրելու ֆունկցիա ավելացավ
Օգտատերերը կարող են արհեստական բանականության օգնությամբ փոփոխել կարճ տեսանյութերի առաջին 10 վայրկյանը՝ ընտրելով ավելի քան 50 նախապես կազմված ձևափոխման տարբերակներից, օրինակ՝ ֆոն փոխել, հագուստ փոխել կամ կիրառել ընտրված ոճեր։ Խմբագրված տեսանյութերն անմիջապես հնարավոր է հրապարակել Facebook-ում և Instagram-ում։ Meta-ն հայտնում է, որ գործիքը հիմնված է MovieGen AI մոդելի վրա, իսկ տարվա երկրորդ կեսին կավելացվի նաև տեքստային հրահանգներով խմբագրման հնարավորություն։ Հավելվածը ներկայում հասանելի է ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։
Կոլումբիայի ափերի մոտ հայտնաբերվել են 300 տարի առաջ խորտակված նավի գանձերը
«Սան Խոսե» նավը կառուցվել է 1696-ին, խորտակվել է 1708 թ-ի հունիսի 8-ին՝ բրիտանական ռազմածովային ուժերի հետ մարտից հետո։ 600 հոգանոց անձնակազմից փրկվել էր միայն 11-ը։ Գալեոնը տեղափոխում էր մինչև 200 տոննա ոսկի, արծաթ և չմշակված թանկարժեք քարեր, որոնց այժմյան արժեքը գնահատվում է մոտ 17 միլիարդ դոլար։ Սեփականության իրավունքի շուրջ վեճը մնում է չլուծված՝ դրա նկատմամբ պահանջ են ներկայացնում Կոլումբիան, Իսպանիան, ԱՄՆ-ը և մի շարք բնիկ ժողովուրդներ։