Գեյթսի 2.5-միլիարդանոց նվերը կանանց ու ChtaGPT -ի անձնական խորհուրդներ տալու նոր ձևը
OpenAI-ը ChatGPT-ում ավելացրել է հոգեկան առողջության պաշտպանության և հուզական սթրեսի ճանաչման համակարգ։ Երկարատև հաղորդակցության դեպքում ԱԲ-ն կառաջարկի դադար տալ, իսկ սթրեսի նշանների դեպքում՝ կուղղորդի ստուգված ռեսուրսների։ ChatGPT-ն այլևս չի տալու միանշանակ խորհուրդներ անձնական իրավիճակներում, այլ օգնելու է օգտատերերին ինքնուրույն որոշում կայացնել՝ պատասխանելով «կողմ» և «դեմ» հարցերին։ Այս ամենը հետևում է մի քանի միջադեպերի․ օրինակ՝ աուտիզմով օգտատերը մանիակալ էպիզոդներ է ապրել՝ ChatGPT-ի իր ֆիքսված գաղափարներին (օրինակ՝ ժամանակային ճանապարհորդության տեսություններ) չափազանց հարմարվելու պատճառով։ ԱԲ-ն նրան չի ուղղել, ինչը հանգեցրել է օգտատիրոջ հոսպիտալացման։ Ընկերությունն այժմ համագործակցում է ավելի քան 90 բժիշկների հետ՝ 30 երկրից, և ձևավորում է փորձագիտական խորհուրդ՝ հուզական սթրեսի նկատմամբ չաթբոթի արձագանքը բարելավելու համար։
Lyft-ը և Baidu-ն 2026թ-ին Եվրոպայում ռոբոտաքսի կմեկնարկեն
Ամերիկյան Lyft ծառայությունների ընկերությունը ռազմավարական համագործակցության համաձայնագիր է կնքել չինական Baidu տեխնոլոգիական հսկայի հետ՝ 2026 թվականից Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում Apollo Go RT6 ռոբոտաքսիներ գործարկելու նպատակով՝ կարգավորող մարմինների թույլտվությունը ստանալու պարագայում։ Lyft-ը պատասխանատվություն է ստանձնելու մոբայլ հարթակի, գործառույթների և հաճախորդների սպասարկման համար՝ օգտագործելով FreeNow հավելվածը, իսկ Baidu-ն կտրամադրի ինքնավար ավտոմեքենաները։ Հետագայում նախատեսվում է ռոբոտաքսիների մասշտաբային տեղակայում ողջ եվրոպական մայրցամաքում։ Նախագիծը տեղավորվում է ավելի լայն միջազգային միտման շրջանակներում, քանի որ Uber, Wayve, WeRide և Momenta ընկերություններն արդեն ծրագրում են ռոբոտաքսի գործարկել Եվրոպայում՝ նույն տարում։ Սակայն հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ՝ տեխնոլոգիական հուսալիություն, կարգավորող գործընթացների բարդություն և հանրային արձագանք։
xAI-ը գործարկում է Grok Imagine-ը՝ text-to-video ֆունկցիայով
Իլոն Մասկի xAI ընկերությունը ներկայացրել է Grok Imagine մոդելը՝ վիդեոգեներացիայի նոր գործիք, որը տեքստային և գրաֆիկական հրահանգները վերածում է մինչև վեց րոպե տևողությամբ տեսանյութերի։ Գործառույթը դեռ փորձարկման փուլում է․ թանկարժեք բաժանորդագրություն ունեցող օգտատերերը ստանում են վաղ հասանելիություն, իսկ մյուսների համար այն հասանելի կլինի 2025թ. հոկտեմբերից։ Grok Imagine-ի «spicy mode» ռեժիմը հնարավորություն է տալիս ստեղծել ավելի բաց բովանդակություն՝ ներառյալ մասնակի մերկություն։ Այս հնարավորությունը արդեն մտահոգություն է առաջացրել իրավապաշտպանների շրջանում, որոնք զգուշացնում են deepfake-երի տարածման ռիսկերի մասին։
Գեյթսը կներդնի 2,5 մլրդ դոլար կանանց առողջության համար
Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամը նախատեսում է ներդնել 2,5 միլիարդ դոլար կանանց առողջության ոլորտում՝ ուղղված հետազոտություններին և նոր լուծումների մշակմանը։ Ծրագիրը ներառում է մենոպաուզայի, էնդոմետրիոզի և պրեէկլամփսիայի ուսումնասիրությունը։ Սա Գեյթսի կողմից իր ամբողջ ունեցվածքը մինչև 2045 թվականը բարեգործության ուղղելու հայտարարությունից հետո հիմնադրամի առաջին խոշոր նախաձեռնություններից մեկն է։ Գեյթսը նշել է, որ կանանց առողջությունը երկար ժամանակ անտեսվել և թերֆինանսավորվել է՝ չնայած ոլորտում առկա բարձր մահացությանը։ Նոր նախաձեռնությունը նախատեսում է ֆինանսավորում տրամադրել ինչպես ցածր եկամտով երկրներում, այնպես էլ զարգացած տնտեսություններում։ Ներդրումները կկենտրոնանան հինգ հիմնական ուղղությունների վրա՝ մանկաբարձական օգնություն և հղի կանանց պատվաստում, մայրերի սնուցում և առողջություն, գինեկոլոգիա, հակաբեղմնավորիչ միջոցների հասանելիություն, սեռավարակների կանխարգելում։