Պարզվում է, Սիրիա-ԱՄՆ հարաբերությունները կարգավորելու ջանքերի շրջանակներում առաջարկվել է Դամասկոսում կառուցել 45 հարկանի Trump Tower երկնաքեր՝ 100-200 միլիոն դոլար արժողությամբ: Նախաձեռնողը ԱՄԷ-ի Tiger Group ընկերության նախագահն է, նպատակն է եղել գրավել Թրամփի սիրտն ու նպաստել ամերիկյան պատժամիջոցների վերացմանը: Այս ջանքերն աջակցություն են ստացել նաև Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ բին Սալմանի կողմից, ու, ի վերջո, հաջողել են: Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացման մասին և հանդիպել է երկրի նոր նախագահի հետ:
Թրամփը խելագար է անվանել Պուտինին
Նա կտրուկ քննադատել է Ռուսաստանի նախագահին Ուկրաինայի դեմ վերջին ավիահարվածների պատճառով, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «ամբողջովին խելագարվել է», և նախազգուշացրել է, որ Ուկրաինայի ամբողջական նվաճման փորձը կարող է հանգեցնել Ռուսաստանի կործանմանը։ Թրամփը նաև քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ նշելով, որ նրա հայտարարությունները խանգարում են խաղաղության հաստատմանը։
Իսկ Սաուդյան Արաբիան ուզում է թույլատրել ալկոհոլի սահմանափակ վաճառքը
Թագավորությունը նախատեսում է 2026 թվականից սկսել ալկոհոլի լիցենզավորված վաճառքը որոշակի վայրերում, հիմնականում՝ էքսպատների համար։ Արտոնվելու է ալկոհոլի վաճառքը հատուկ զոնաներում, թնդությունը չպիտի գերազանցի 20 տոկոսը։ Սա կարևոր շրջադարձ է պահպանողական թագավորության քաղաքականության մեջ, որտեղ մինչ այժմ ալկոհոլի վաճառքն արգելված էր։ Այս քայլը դիտվում է որպես սոցիալ-տնտեսական բարեփոխումների մաս՝ ուղղված զբոսաշրջության և միջազգային ներդրումների խթանմանը։ Վերլուծաբանները նշում են, որ իշխանությունները ձգտում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները՝ չհակասելով հասարակական նորմերին։
Microsoft-ն էլ փոխարինել է ԱԲ-գործիքներով այդ ԱԲ-գործիքները ստեղծած ծրագրավորողներին
Ու, բնականաբար, աշխատանքից հեռացրել վերջիններին։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը 6000 մարդ է կրճատում աշխարհով մեկ, նրանց մեծ մասը՝ մոտ 40 տոկոսը, ծրագրավորողներ են։ Ու վերջիններիս զգալի մասին ամիսներ առաջ հանձնարարել էին ակտիվացնել ԱԲ-գործիքների օգտագործումն աշխատանքում, այսպիսով, մարզելով այն գործիքները, որոնց պատճառով նրանք որոշ ժամանակ անց գործազուրկ դարձան։