Ջիմի Դոնալդսոնը, նույն ինքը՝ MrBeast-ը, 368 միլիոն բաժանորդ ունեցող ամենամեծ YouTube-բլոգերը, մտադիր է 200 միլիոն դոլարի ֆինանսավորում ներգրավել, ինչը նշանակում է՝ իր Beast Industries ընկերությունը ավելի քան 5 միլիարդ դոլար արժե: Միջոցները կուղղվեն նրա բիզնեսի ընդլայնմանը, այդ թվում՝ վիդեո արտադրության, շոկոլադի «Festables» և «Lunchly» ապրանքանիշների համար: Անցյալ տարի նրա բիզնեսը ավելի քան 400 միլիոն դոլարի վաճառք է բերել:
Սակայն Beast Industries-ը դեռ շահութաբեր չէ և վերջին մի քանի տարիների ընթացքում կրել է մոտ 200 միլիոն դոլարի վնաս: Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր արտադրանքի գիծը՝ ներառելով խմիչքներ, նախուտեստներ, և բջջային խաղեր՝ երկու-երեք տարվա ընթացքում IPO իրականացնելու նպատակով:
Ի դեպ, ինքը բլոգերն ասում է՝ սովորական մարդը դժբախտ կլինի, եթե ապրի իր կյանքը։
Քենեդին ամերիկյան սնունդ արտադրողներից պահանջել է հրաժարվել արհեստական գունավորիչներից
ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի-կրտսերը պահանջել է PepsiCo, Heinz և այլ սնունդ արտադրողներից մինչև իր լիազորությունների ավարտը հեռացնել արհեստական գունավորիչներն արտադրանքից: Հայտարարությունը նրա «Դարձնել Ամերիկան կրկին առողջ» (MAHA) նախաձեռնության մի մասն է, որի նպատակն է պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ՝ բարեփոխելով ամերիկյան սննդակարգը: Քենեդին ընդգծել է, որ եթե ոլորտը նախաձեռնողական քայլեր չձեռնարկի այս խնդիրների լուծման համար, կառավարությունն ինքնուրույն կստիպի նրանց անել դա: Որոշ նահանգներ, ներառյալ Կալիֆոռնիան, արդեն ընդունել են օրենքներ, որոնք արգելում են սննդային որոշ հավելումների օգտագործումը, իսկ մյուս նահանգները դիտարկում են նմանատիպ միջոցներ:
Ինչ-որ տեղ հեռվում ծիծաղում են հայկական կաթնամթերք արտադրողները։
Ուկրաինան ու ԱՄՆ-ը անցած գիշեր պայմանավորվեցին
Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո հայտարարվել է՝ Կիևը 30-օրյա զինադադարի է համաձայն, այն երկարացնելու հնարավորությամբ, ԱՄՆ-ն էլ վերականգնում է Ուկրաինային հետախուզական ու ռազմական օգնության տրամադրումը։ Հատկապես առանց հետախուզության Ուկրաինան վերջին օրերին լուրջ ճգնաժամ էր ապրում։ Ռուբիոն հայտարարել է․ գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է։ Մոսկվայից արձագանք դեռ չկա։
Զուգահեռաբար, պայմանավորվեցին նաև քրդերն ու Սիրիայի իշխանությունները
Պայմանավորվածությունը 8 կետ է ներառում։ Ի թիվս այլ կետերի, 1962-ից անձնագիր չունեցող հարյուրհազարավոր քրդերն անձնագիր կստանան ու կվերադառնան, այդ թվում, թուրքերի կողմից տեղահանությունից հետո լքված տարածքները, իսկ քրդերի ջոկատները ու կառավարման կառույցները կինտեգրվեն սիրիական բանակին ու կառավարական օրգաններին։
Մնում է դրուզների հարցը․ երկրի հարավում ապրող կրոնական փոքրամասնությունը դեռ չի ուզում զենքերը վայր դնել, Իսրայելն էլ սպառնում է հարվածներով դրուզների դեմ որևէ բռնության դեպքում։ Ըստ որոշ տվյալների, սակայն, նրանք էլ են բանակցում Սիրիայի նոր իշխանությունների հետ։