Քենեդիի սպանության փաստաթղթերն ու տիեզերքի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
Ինչ ենք կարդում այս առավոտ
Քենեդիի սպանությանը վերաբերվող փաստաթղթերի նոր տրցակն այժմ օնլայն է։ Հրապարակվել է մոտ 80 հազար էջ փաստաթուղթ, րանք վերաբերվում են սպանության փուլի բազմաթիվ դրվագներին, այդ թվում՝ ԽՍՀՄ հետ հարաբերություններին։ Փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում Լի Հարվի Օսվալդի՝ ԽՍՀՄ-ում գտնվելու և Քենեդու սպանությունից առաջ նրա գործողությունների մասին։ Նախնական վերլուծությունն, ըստ Reuters-ի, դեպքերի պաշտոնական վարկածից շեղումներ չի հայտնաբերել։
Նախատեսվածից 9 ամիս անց տիեզերագնացներ Սունիտա Ուիլյամսն ու Բարի Ուիլմորը վերադարձան Երկիր մոլորակ SpaceX շնորհիվ։
Ինչպե՞ս է Տիեզերքում երկար գտնվելն ազդում մարդու օրգանիզմի վրա։ Առանց Երկրի գրավիտացիոն ձգողության մկանները փոքրանում են, ոսկորները թուլանում են, մարմնի հեղուկները՝ տեղաշարժվում: Տիեզերագնացներն արագորեն կորցնում են մկանային զանգվածը, քանի որ չեն օգտագործում ոտքերը քաշը պահելու համար: Նրանք ամեն ամիս կորցնում են իրենց ոսկրային զանգվածի 1 տոկոսը, ինչը համարժեք է Երկրի վրա մեկ ամբողջ տարվա ծերացմանը: Մեկ այլ լուրջ մտահոգություն է ճառագայթումը: 6 ամիս և ավել տեւողությամբ առաքելություններ կատարող տիեզերագնացները ստանում են ավելի քան 10 անգամ ավելի շատ ճառագայթում, քան Երկրի վրա: Երկարատև ռիսկերը կապված են քաղցկեղի ու մտավոր պոտենցիալի անկման հետ:
Google-ը կատարում է իր պատմության ամենամեծ գնումը
32 մլրդ դոլարով կգնվի Wiz անվտանգային ստարտափը, ամբողջ գումարը վճարվելու է հենց, կներեք տավտոլոգիայի համար, գումարով, ոչ թե բաժնետոմսերով։ Ընկերությունն իսրայելական է ու համարվում է ամպային տեխնոլոգիաների համար անվտանգային լուծումների առաջատարը։
Երբեմն սխալվում է անգամ Շվեյցարիայի կառավարությունը
Երկիրը 103 միլիոն շվեյցարական ֆրանկով (մոտ 117 միլիոն ԱՄՆ դոլար) Bombardier Global 7500 բիզնես-դասի ինքնաթիռ է գնել։ Ու պարզվեց՝ ի՞նչ։ ինքնաթիռը չափազանց մեծ է Բեռն-Բելպ օդանավակայանի անգարների համար, որտեղ սովորաբար տեղակայված են պաշտոնական ինքնաթիռները: Բացի այդ, Բեռնի թռիչքուղին բավականաչափ երկար չէ, որպեսզի Global 7500-ը թռչի վառելիքի լի բաքերով, ինչը սահմանափակում է դրա հեռահարությունը: Գումարած դրան, Շվեյցարիայի պատվիրակության՝ Բոլիվիա կատարած այցի ժամանակ պարզվել է, որ Global 7500-ը հավաստագրված չէ բարձր բարձրության օդանավակայանների համար, ինչը պահանջում է երթուղու մի մասի համար օգտագործել կոմերցիոն թռիչքներ: