Երեկ երեկոյան ԵԽ-ում Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձև է քննարկվել, որն այսօր է քվեարկության դրվելու։ Ըստ բանաձևի, ԵԽ-ն նրանց համարում է ռազմագերի, իսկ դատավարությունը՝ կեղծ, ու պահանջում է ազատ արձակել նրանց։ Ռուբեն Վարդանյանի հացադուլը շարունակվում է արդեն 23 օր, առողջական վիճակի մասին ստույգ տեղեկություններ՝ բացի հյուծված տեսքի մասին վկայող լուսանկարներից, չկան։ Հայաստանում էլ Հոգևոր խորհուրդը կոչ է արել նրան դադարեցնել հացադուլը, սակայն անգամ հայտնի չէ՝ կհասնի նրան կոչը, թե ոչ։
Ռուսները հետ են գրավել Սուջան, Թրամփի բանագնացները Մոսկվայում են
Ուկրաինացիները լքել են ռուսական Սուջա քաղաքը, որը գրավել էին մոտ 7 ամիս առաջ։ Գործողության կարևոր տարրերից մեկը մի քանի կիլոմետր ձգվող ստորգետնյա գազամուղով ուկրաինական զորքերի թիկունք մի քանի 100 մարդու դուրս գալն էր։ Իսկ Ուկրաինայի հետ հրադադարի հարցում պայմանավորվելուց հետո Զելենսկին բանագնացներ է ուղարկում Մոսկվա ու զուգահեռաբար սպառնում ֆինանսական քայքայիչ սանկցիաներով, եթե Մոսկվան չհամաձայնվի դադարեցնել պատերազմը։
Բրիտանացիներն էլ ձերբակալել են Հյուսիսային ծովում տանկերի հետ բախված նավի ռուս նավապետին
Տանկերը մոտ 200 հազար տոննա ավիացիոն վառելիք էր տեղափոխում, բախումը հանգեցրել է հրդեհի ու զոհերի, ինչպես նաև՝ վառելիքի արտահոսքի։ Բացի նավապետից, նավի վրա նաև այլ ռուսներ կային, սակայն տեղի ունեցածը դիվերսիա էր, թե դժբախտ միջադեպ, հայտնի չէ։
Իսկ գերմանական հետախուզությունը, պարզվում է, գիտեր կովիդի լաբորատոր ծագման մասին
Սակայն որոշել է թաքցնել դա, չնայած վիրուսի լաբորատոր ծագման հավանականությունը մինչև 95 տոկոս էր գնահատվում։ Հետախուզությունը եկել էր եզրակացության, որ Վուհանում լաբորատորիայում զբաղվում են վտանգավոր փորձերով, առանց դրանց պատշաճ հետազոտման։ Հետևանքներն էլ տարանք բոլորս։