Մաֆիան՝ քաղցկեղի պատճառ, Թրամփն ընդդեմ Զելենսկու ու 90 կետի քնեցում Ավստրալիայում
Ինչ ենք կարդում այս առավոտ
Թրամփն, անդրադառնալով Ուկրաինան բանակցությունների չհրավիրելու վերաբերյալ Կիևի հայտարարություններին, ասել է, որ 3 տարում Ուկրաինան կարող էր ինքը սկսել բանակցել։ Մի վիրավորանք էլ Զելենսկուն է բաժին հասել․ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Զելենսկու վարկանիշը 4 տոկոս է, ու ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն է շեշտել։ Միաժամանակ, չնայած ռուսները դեմ են եվրոպական բանակների ներկայությանն Ուկրաինայում, Թրամփը պաշտպանել է այդ հեռանկարը։
Մակրոնն էլ եվրոպացի առաջնորդների երկրորդ խումբն է հավաքել Փարիզում՝ քննարկելու Ուկրաինային օգնության շարունակությունը։ Որևէ հստակություն դեռ չկա։
Ուկրաինայի համար փոքր սփոփանք կա․ Ռուբիոն, ըստ Bloomberg, ասել է եվրոպացիներին, որ հակառուսական պատժամիջոցները չեն հանելու մինչև խաղաղության պայմանագրի կնքումը։
ԱԲ-ն խնդիրներ է ստեղծել փաստաբանների համար
Ավելի ճիշտ, այսպես կոչված «հալյուցինացիաները», որոնք արդեն նաև դատական փաստաթղթերում են արտացոլվում։ Որպես նախադեպ է քննարկվում Walmart դեմ դատում երկու կեղծ նախադեպի ներկայացումը։ Ամերիկյան խոշոր ընկերություններից մեկն այժմ զգուշացնում է՝ 2 տարում առնվազն 7 այդպիսի դեպք է եղել, ու գործը կարող է տապալվել դատարանում։
Իսկ Մասկն ուզում է ստանալ հարկայինի բոլոր տվյալները
Ու տրամադրությունները նույնն են, ինչ Հայաստանում՝ պարտադիր հայտարարագրման դեպքում․ այլախոհների ճնշում, գաղտնիքի չեղարկում, անսահման իշխանություն։
Ավստրալիայում ափ նետված 90 կետի են ստիպված լինելու քնեցնել
150 կետ նետվել է ավստրալական լողափ, նրանց զգալի մասն արդեն սատկել է, չքերին փրկել է հաջողվել։ Այժմ իշխանությունները ստիպված են դժվար որոշում ընդունել՝ նրանց քնեցնելու մասին։ Կետերի ափ նետվելու պատճառը դեռևս անհայտ է։ Գիտնականները քննարկում են մի քանիսը, ներառյալ՝ ստորջրյա աղմուկի պատճառով ապակողմնորոշումն, օվկիանոսային հոսանքների փոփոխությունները և կլիմայական պայմանները։
Իսկ Guardian-ը պատմում է իտալական Կամպանիայում մաֆիայի խմբավորումների կողմից թունավոր թափոններն ապօրինաբար թաղելու երկարամյա խնդրի մասին
Որպես «Մահվան եռանկյունի» հայտնի տարածքն ընդգրկում է Աչերրա, Մարիլյանո և Նոլա քաղաքները։ Այստեղ քաղցկեղի մակարդակը զգալիորեն բարձր է երկրի միջինից։ Կազմակերպված հանցավոր խմբերը, ինչպիսիք են Կամորրան, տասնամյակներ շարունակ ապօրինաբար թաղում են վտանգավոր քիմիական նյութեր, ինչը հանգեցրել է հողի, ջրի և օդի մասշտաբային աղտոտման։ Չնայած բնապահպանների և բժիշկների բազմաթիվ նախազգուշացումներին, տեղական և ազգային իշխանությունները երկար ժամանակ անգործության էին մատնված, ինչը խորացրել է ճգնաժամը։