Չինական նոր ռոբոտն ու շոգից մահերն Եվրոպայում
Mirror Me ընկերության և Ժեցզյան համալսարանի մասնագետները ստեղծել են Black Panther 2.0 անվանումով չորքոտանի ռոբոտ, որը զարգացնում է 10.4 մ/վ կամ մոտ 37․44 կմ/ժ արագություն՝ գրեթե կրկնելով լեգենդար սպրինտեր Ուսեյն Բոլտի ռեկորդը (10.44 մ/վ): 38 կիլոգրամ քաշ և 0.63 մետր բարձրություն ունեցող ռոբոտը 100 մետր հեռավորությունը հաղթահարում է 10 վայրկյանից պակաս ժամանակում:
Ռոբոտը հագեցած է ճկուն «ծնկային» հոդերով, իսկ սեղմված զսպանակների համակարգը և արհեստական բանականությունը թույլ են տալիս հարմարվել մակերեսին: Թեև կոնկրետ խնդիրներ չեն նշվում, պարզ է, որ ռոբոտի կիրառությունը կարող է ներառել պահպանությունը, հետախուզությունը, բանակը և վտանգավոր պայմաններում աշխատանքը: Թիմը արդեն պլանավորում է հաջորդ մոդելը 15 մ/վ հնարավոր արագությամբ:
Meta-ն գնել է RayBan արտարողի 3 տոկոսը 3․5 մլրդ դոլարով
EssilorLuxottica-ին նաև Oakley-ն է պատկանում։ Այս ներդրումը ամրապնդում է 2019 թվականից սկսված համագործակցությունը, որի շրջանակում թողարկվել են Ray-Ban Meta խելացի ակնոցները, իսկ այս տարի՝ Oakley Meta-ն:
Ներդրումը ուժեղացնում է Meta-ի դիրքերը կրելի ԱԲ-սարքերի շուկայում։ Խելացի ակնոցները հագեցած են տեսախցիկներով, ԱԲ-օգնականով, ուղիղ թարգմանության, հաղորդագրություններ ուղարկելու և երաժշտություն նվագելու ֆունկցիաներով: EssilorLuxottica-ն պլանավորում է ընդլայնել ԱԲ-ակնոցների արտադրությունը՝ նպատակ ունենալով զանգվածային կերպով գրավել շուկան:
Հունիսին Եվրոպայում շոգից 2300 մահ է գրանցվել
World Weather Attribution կազմակերպության տվյալների համաձայն՝ հունիսի 23-ից հուլիսի 2-ն ընկած 10 օրվա ընթացքում Եվրոպայի 12 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Միլանում, Փարիզում և Բարսելոնայում, ջերմաստիճանի բարձրացումը հանգեցրել է մոտ 2300 լրացուցիչ մահվան: Դրանցից 1500-ից ավելի մահ (մոտ երկու երրորդն) ուղղակիորեն կապված է կլիմայական փոփոխությունների հետ: Լոնդոնի Imperial College-ի և London School of Hygiene and Tropical Medicine-ի մասնագետների գնահատականով՝ ջերմաստիճանի 2-4 աստիճանով բարձրացումը դարձել է մահերի մեծ մասի պատճառը: Ամենավտանգված խմբին պատկանում են տարեց բնակիչները՝ կազմելով զոհերի 88 տոկոսը: