Կիրակի ուկրաինական հատուկ ծառայությունները կարողացել են ցավոտ հարված հասցնել ռուսական հեռահար ավիացիային։ Նախապես ՌԴ տեղափոխված FPV-դրոնները տեղադրվել են փայտե տնակների կտուրներում, դրանք բարձվել են բեռնատարերի վրա ու մոտեցել 2 ավիաբազայի, որոնցից մեկը՝ Սիբիրում, և հարվածել օդանավերի։ Ուկրաինացիները պնդում են 41 օդանավ ոչնչացնելու մասին․ այդ թվի փաստացի ապացույց դեռ չկա, սակայն ոչնչացվել է առնվազն 4 հատ ՏՈւ95 ու մեկ Տու22 օդանավ․ դրանք էլ չեն արտադրվում, օգտագործվել են Ուկրաինային հրթիռային հարվածների համար, ու, բացի ամեն ինչից, նաև միջուկային զենքի կրիչ էին։ Իսկ այսօր Ստամբուլում մեկնարկում է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։
Արյուն է նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում, ընդ որում՝ տարբեր մայրցամաքներում
ԱՄՆ-ում պրոիսրայելական ցույցի առնվազն 6 մասնակից այրվածքներ է տացել, երբ նրանց վրա մի տղամարդ բենզին է լցրել ու հրկիզել փորձել։ Իսկ Գազայում օգնություն բաժանելու կետի վրա իսրայելցիների կրակից հետո, ըստ Կարմիր խաչի, առնվազն 21 զոհ ու տասնյակ վիրավորներ կան։
Airpods-ներն էլ կարող են օգնել սրտի ռիթմը վերլուծել
Apple-ը նոր հետազոտություն է հրապարակել, որը ցույց է տալիս, որ արհեստական բանականության մոդելները կարող են որոշել մարդու սրտի զարկերի հաճախականությունը՝ վերլուծելով AirPods ականջակալների միջոցով ձայնագրված սրտի ձայները։ Հետազոտության ընթացքում փորձարկվել են մի քանի հայտնի ԱԲ-մոդելներ, այդ թվում՝ Whisper-ը, wav2vec2-ը և wavLM-ը։ Apple-ի սեփական CLAP մոդելը գերազանցել է մյուսներին՝ ապահովելով ամենացածր միջին բացարձակ սխալը սրտի զարկերի գնահատման մեջ։ Այս տեխնոլոգիան կարող է ապագայում ինտեգրվել AirPods ականջակալների մեջ՝ ընդլայնելով դրանց առողջապահական հնարավորությունները։ Սա թույլ կտա օգտատերերին հետևել իրենց սրտի առողջությանը՝ առանց լրացուցիչ սարքերի անհրաժեշտության։
Instagram-ն էլ փոխում է լուսանկարների default չափսերը 3։4-ի, ինչպես նկարում է հեռախոսների մեծ մասը։
Իսպանիայում էլ գտել են նեանդերտալցիների՝ արվեստ ունենալու հնարավոր ապացույց
Սան Լազարո քարանձավում հնագետները հայտնաբերել են մոտ 43,000 տարվա հնություն ունեցող գրանիտե քար, որի վրա առկա է կարմիր օխրայով արված մատնահետք։ Քարը, որը նմանվում է մարդկային դեմքի, ունի աչքեր և բերան հիշեցնող բնական փոսիկներ, իսկ մատնահետքը տեղադրված է այն հատվածում, ուր պիտի քիթը լիներ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ օխրան քարանձավում չի հանդիպում, ինչը վկայում է, որ այն հատուկ է բերվել և կիրառվել։ Մատնահետքի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանում է չափահաս տղամարդու։ Այս հայտնագործությունը կարող է լինել նեանդերթալցիներին վերագրվող առաջին շարժական արվեստի նմուշը։ Սա նաև ապացուցում է, որ նեանդերթալցիները ունեին վերացական մտածողություն և ունակ էին ստեղծել խորհրդանշական արվեստ։