Շոգ, բայց նախորդներից զով հուլիսն ու չինական «գերպողպատը»
Նոր ուսումնական տարուն ընդառաջ Google-ը Gemini հավելվածում ներկայացրել է Guided Learning ռեժիմ՝ անհատական ԱԲ ուսուցիչ, որն օգնում է ոչ թե պարզապես ստանալ պատասխաններ, այլ խորությամբ հասկանալ նյութը։ Guided Learning-ը բարդ խնդիրները բաժանում է փուլերի, տալիս է ուղղորդող հարցեր և հարմարեցնում բացատրությունները օգտատիրոջ մակարդակին՝ նպաստելով երևույթների «ինչպես» և «ինչու» հասկանալուն։ Պատասխանները կարող են ուղեկցվել նկարազարդումներով, գծապատկերներով, վիդեոներով և ինտերակտիվ գործիքներով՝ ուսուցումն ավելի տեսանելի և հետաքրքիր դարձնելու համար։ Gemini-ն կարող է ավտոմատ կերպով ստեղծել դասագրքեր՝ թեստային արդյունքների կամ ուսումնական նյութերի հիման վրա։ Ֆունկցիան մշակվել է մանկավարժների, գիտնականների և ուսանողների օգնությամբ՝ օգտագործելով ուսումնական խնդիրներին հարմարեցված LearnLM մոդելը։
Չինաստանը «գերպողպատ» է ստեղծել ջերմամիջուկային սինթեզի համար
Չինացի գիտնականները մշակել են բացառիկ CHSN01 ձուլվածք՝ գերամուր ցածր պողպատ, որը կարող է դիմանալ և՛ ծայրահեղ ցուրտ պայմաններին, և՛ հզոր մագնիսական ազդեցությանը։ Այս պողպատը ստեղծվել է ջերմամիջուկային էներգիայի շուկան նվաճելու ճանապարհին։ CHSN01-ը մշակվել է 10 տարի՝ հաղթահարելով այն կարծիքը, թե ստանդարտ պողպատի բարելավումը գործնականում անհնար է։ Նոր նյութը հաջողությամբ կիրառվում է BEST ռեակտորի կենտրոնական սոլենոիդում։ Այժմ բացվում է ճանապարհ դեպի ավելի արդյունավետ ջերմամիջուկային ռեակտորներ, ինչը կամրապնդի Չինաստանի դիրքերը ոլորտում։
Apple-ն ԱՄՆ-ում կարևոր բաղադրիչների արտադրության շղթա կստեղծի՝ ծախսելով 600 մլրդ դոլար
Թրամփի ճնշումներից հետո ընկերությունը հայտարարել է, որ չորս տարվա ընթացքում մեծացնելու է ամերիկյան արտադրության մեջ իր ներդրումները մինչև 600 մլրդ դոլար և գործարկում է American Manufacturing Program (AMP)՝ ԱՄՆ-ում կարևոր արտադրական շղթաների տեղայնացմանն ուղղված ծրագիր։ Մասնավորապես, iPhone-ի և Apple Watch-ի դիսպլեյները կարտադրվեն Կենտուկի նահանգում։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է հետազոտությունների, ԱԲ-ի, ինժեներական և ՏՏ ոլորտներում 20,000 աշխատատեղի ստեղծում։ ԱՄՆ-ում արտադրված բաղադրիչների մոտ երկու երրորդը կարտահանվի։
Հուլիսը դարձել է պատմության երրորդ ամենատաք ամիսը
Եվրոպական Copernicus ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին մակերևույթի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է 16,68°C՝ 0,45°C-ով ավելի բարձր 1991–2020 թթ. ամսական միջին ցուցանիշից։ Սա հուլիսը դարձնում է երրորդ ամենաշոգ ամիսը՝ 2023 և 2024 թվականների ռեկորդակիր ամիսներից հետո։ Օրինակ, Թուրքիայում գրանցվել է 50,5°C ջերմաստիճան։ Թեև այս ամիսը չի գերազանցել անցյալ տարվա ռեկորդները, գիտնականները զգուշացնում են՝ մոլորակի տաքացումը շարունակվում է։ Գլոբալ տաքացումը չի ավարտվել, և ավելի հաճախակի են դառնում ծայրահեղ եղանակային երևույթները՝ ինչպես, օրինակ, տապը և ջրհեղեղները։