«Ինքնադեպոռտ եղիր ԱՄՆ-ից ու շահիր $1000, զզնգահարիր հենց հիմա՝ ու ստացիր նվեր մեկ տուփ «Դոսյա» լվացքի փոշի»։ Մոտավորապես այսպիսի տրամաբանություն է առաջարկում ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) իր նոր նախաձեռնությամբ։ Նա կտրամադրի նշված գումարն այն ապօրինի միգրանտներին, ովքեր կամավոր կերպով կվերադառնան հայրենիք։ Նախաձեռնությունը կարող է նվազեցնել հարկադիր արտաքսումների ծախսերը մինչև 70%-ով և հնարավորություն տալ մասնակիցներին ապագայում օրինական ճանապարհով վերադառնալ ԱՄՆ՝ կախված դրսևորած վարքագծից։
Ֆասթֆուդը գիտի՝ ինչպես «թաքնվել» մեր ուղեղում
«Nature Metabolism»-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ ուղեղը հատուկ ձևով հիշում է բարձր կալորիականությամբ սնունդը, ինչպիսին է ֆասթֆուդը, ինչը կարող է բացատրել, թե ինչու ենք հաճախ զգում անկառավարելի ցանկություն նման սննդի նկատմամբ՝ նույնիսկ երբ քաղցած չենք։ Ըստ ուսումնասիրության՝ հիպոկամպում գտնվող որոշ նեյրոններ գրանցում են ճարպերով և շաքարով հարուստ սննդի զգայական և հուզական մանրամասները։ Այս հիշողությունները կարող են ակտիվացնել սննդի նկատմամբ ցանկությունը՝ հանգեցնելով ուտելու, նույնիսկ առանց քաղցի զգացման։ Երբ մկների վրա անցկացված գիտաորձի ընթացքում այս նեյրոններն անջատեցին, նրանք նվազեցրին շաքարի օգտագործումը"։ Սա ցույց է տալիս, որ սննդի նկատմամբ ցանկությունները կարող են պայմանավորված լինել ոչ միայն ֆիզիոլոգիական կարիքներով, այլ նաև հուշերով։ Այսպիսով, ֆասթֆուդի նկատմամբ մեր ձգտումը կարող է լինել ոչ թե սովածության արդյունք, այլ ուղեղում պահպանված հիշողությունների հետևանք։
Իսրայելը հնարավոր է գրավի ողջ Գազան
«Գեդեոնի կառքեր» կոչվող ծրագրի նպատակն է ամբողջությամբ գրավել Գազան, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և վերադարձնել պատանդներին։ Ծրագիրը ներառում է պաղեստինցի բնակչության մեծ մասի տեղահանում հարավ և մարդասիրական օգնության բաշխման վերահսկողություն՝ իսրայելական կառույցների միջոցով։
Այս քայլը միջազգային հանրության կողմից արժանացել է խիստ քննադատության՝ ՄԱԿ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել հնարավոր հումանիտար աղետի կապակցությամբ։ Իսրայելի ներսում նույնպես աճում է դժգոհությունը՝ կապված պատանդների անվտանգության և պատերազմի ձգձգման հետ։ Բայց կառավարությունը պնդում է, որ գործողություններն անհրաժեշտ են ՀԱՄԱՍ-ի սպառնալիքը վերացնելու և երկրի անվտանգությունը ապահովելու համար։
Ու վերջում՝ 5 րոպեյվա չէ, բայց մի 5 օրվա կարդալիք․
Հայտնի են 2025-ի Պուլիցերյան մրցանակաբաշխության հաղթողներն։ Ամբողջական ցանկին ծանոթանալ ու ձեզ հետաքրքիր թոփիքները կարող եք ընտրել, օրինակ, այստեղ։