Պատմության ամենամեծ bitcoin-թալանն ու 600 տարի անց արթնացող հրաբուխը
Arkham Intelligence վերլուծական ընկերությունը բացահայտել է, որ 2020 թվականի դեկտեմբերին չինական LuBian մայնինգ ընկերությունից գողացվել է 127 426 բիթքոյն (BTC)՝ այն ժամանակ մոտ 3,5 մլրդ դոլար արժողությամբ, որը ներկայում կազմում է մոտ 14,5 մլրդ դոլար։ Վնասը բացահայտվել է գրեթե հինգ տարի անց, իսկ LuBian-ը չի հայտարարել իր կոտրման մասին և ինքնալուծարվել է 2021 թվականին։ Գողությունը տեղի է ունեցել անձնական բանալիների գեներացման ալգորիթմի խոցելիության պատճառով։ Հուսահատ LuBian-ը փորձել է կապ հաստատել հեքերների հետ, գումար առաջարկել նրանց, ովքեր կօգնեն վերականգնել վնասը, բայց՝ ապարդյուն։ Գողացված միջոցները գրեթե չեն տեղաշարժվել, իսկ հանցագործի դրամապանակն այժմ ներառված է բիթքոյնի 13 ամենամեծ սեփականատերերի ցանկում։
ԱՄՆ կառավարությունը պահանջում է խզել Google-Apple համաձայնությունը, ինչի հետևանքով Apple-ը կարող է տարեկան 12-20 մլրդ դոլար կորցնել
ԱՄՆ արդարադատության նախարարությունը համարում է, որ Google-ը խախտել է հակամենաշնորհային օրենսդրությունը՝ Apple-ին վճարելով իր որոնողական համակարգը iPhone-ներում և այլ սարքերում լռելյայն որոնողական համակարգ դարձնելու համար։ 2022 թվականին Google-ը Apple-ին վճարել է մոտ 20–28 միլիարդ դոլար, որից շուրջ 12,5 միլիարդը՝ միայն ԱՄՆ-ի օգտատերերի համար։ Այս եկամուտը կազմել է Apple-ի շահույթի մինչև 16 տոկոսը։ Եթե դատարանը արգելի Google-ին նման վճարումներ կատարել, բաժնետերերի շահույթը կարող է նվազել մինչև 10 տոկոսով։ Apple-ը պնդում է, որ կառավարական մեղադրանքները հիմնված են սմարթֆոնների շուկայի սխալ մեկնաբանության վրա և կարող են վտանգավոր նախադեպ ստեղծել։
Nintendo-ն վաճառել է 6 միլիոն Switch 2 կոնսոլ մեկնարկից հետո առաջին յոթ շաբաթում
Վաճառքի մեկնարկը տրվել է հունիսի 5-ին։ Սա օգնել է ընկերությանը եռամսյակային եկամուտները բարձրացնել մինչև մոտ 3,8 միլիարդ դոլար՝ 132 տոկոսով ավելին՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Բնօրինակ Nintendo Switch-ի վաճառքը 2025 թվականի ապրիլ-հունիսին նվազել է 53,5 %-ով: