Կաթոլիկ աշխարհը սպասում է Պապի ընտրության համար Կոնկլավի -ին։ հավաքվելուն, ինչը տեղի է ունենալու մայիսի 7-ին։ Մինչ այդ, Պակիստանի պաշտպանության նախարարն անխուսափելի է համարում Քաշմիրում ահաբեկչությունից հետո Հնդկաստանի կողմից ռազմական ներխուժումը։ Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին ահաբեկիչներին աջակցելու մեջ, մինչդեռ Իսլամաբադը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները և կոչ է անում անցկացնել անկախ հետաքննություն։ Պակիստանցի նախարարը նշել է, որ երկիրն արդեն պատրաստվում է հնարավոր ռազմական գործողություններին, և հատուկ ընդգծել, որ Պակիստանը միջուկային զենք կօգտագործի միայն իր գոյությանն ուղղված սպառնալիքի դեպքում։
Բեզոսի աջակցությամբ մեկնարկող ստարտափն էլ մինիմալիստական էլմեքենա է ստեղծում
Պլանավորվում է, որ Slate Auto ընկերության ստեղծվելիք մեքենայի գինը չի գերազանցի 20 հազար դոլար։ Դրա դիմաց դուք կստանաք մեքենա, որը չի ունենա ոչ միայն էկրաններ ու մուլտիմեդիա, այլ անգամ ներկած չի լինի ու ապակիները ձեռքով եք բարձրացնելու (այտեղ պատկերացրեք նույն գներով հագեցած մեքենա վաճառող BYD ու մնացածների քմծիծաղը)։ Բայց այն կլինի մոդուլային պիկապ, որից կարելի կլինի քրոսովեր ստանալ՝ ցանկացած աստիճանի հագեցվածության։ Վազքն էլ 240-390 կմ շրջանակներում է տատանվելու։
Խմեք շամպայն ու պահպանեք բարձր տրամադրություն՝ սրտի մասին մտածելով
Չինական Ֆուդանի համալսարանի հետազոտողների կողմից կատարված ու Սրտաբանության Կանադական ամսագրում հրապարակած հետազոտությունը պնդում է, որ շամպայնի և սպիտակ գինու չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել սրտի հանկարծակի կանգի ռիսկը։ Ուսումնասիրությունը ներառել է ավելի քան 500,000 մարդու տվյալներ բրիտանական Biobank-ից, և հայտնաբերել է 56 ոչ կլինիկական ռիսկային գործոն, որոնց բարելավումը կարող է կանխել սրտի հանկարծակի կանգի դեպքերի մինչև 63%-ը։ Դրան կաջակցի շամպայնի և սպիտակ գինու չափավոր օգտագործումը, մրգերի ավելի մեծ քանակությամբ սպառումը, դրական տրամադրության պահպանումը, քաշի վերահսկումը և արյան ճնշման կարգավորումը։ Սակայն, այս արդյունքները հակասում են Սրտի բրիտանական հիմնադրամի ներկայիս խորհուրդներին՝ հակառակը, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը։
ChatGPT քծնանքն էլ նյարդայնացրել է անգամ Ալթմանին
GPT-4o-ն վերջին թարմացումից հետո դարձել է չափազանց հաճոյախոս՝ անկախ զրույցի բովանդակությունից։ Բանը հասել է նույնիսկ նրան, որ երբ մի օգտատեր նշել է, որ դադարել է ընդունել իր դեղերը, չաթբոթը ողջունել է դա ու սկսել քծնել մինչ վարդապետի խազը։ Դա, բնականաբար, մտավախություններ է առաջացրել այն հարցի շուրջ, որ ԱԲ-ն կարող է վնաս տալ ծանր իրավիճակում գտնվող մարդկանց։ Ալթմանը ընդունել է խնդիրը՝ նշելով, որ GPT-4o-ն դարձել է «չափազանց հաճոյախոս և նյարդայնացնող»։ Ու խոստացել, որ մոդելի շտկումները կիրականացվեն հնարավորինս շուտ՝ որոշները անմիջապես, իսկ մյուսները՝ առաջիկա շաբաթների ընթացքում։
Ոչ ChatGPT, ոչ էլ, առհասարակ, հոսանք չունեին իսպանացիներն ու պորտուգալացիները
Հսկայական բլեքաթութն առանց լույս է թողել մոտ 50 մլն մարդու։ ընդհատումը լուրջ խափանումներ է առաջացրել հասարակական տրանսպորտում, հաղորդակցման համակարգերում, հիվանդանոցներում և բանկային ծառայություններում։ Մադրիդում, Բարսելոնայում և Լիսաբոնում մետրոյի և երկաթուղային ծառայությունները դադարեցվել են, օդանավակայաններում և խանութներում առաջացել են խափանումներ, իսկ հիվանդանոցները ստիպված են եղել մնալ պահուստային գեներատորների հույսին։ Պորտուգալիայի էլցանցերը հնարավոր պատճառ են նշել բարձր լարման գծերում առաջացած մթնոլորտային տատանումները, սակայն այս բացատրությունը որոշ մասնագետների կողմից ընդունվել է կասկածանքով։ Իսպանիայի Կիբերանվտանգության ազգային ինստիտուտը հետաքննում է կիբերհարձակման հնարավորությունը, սակայն մինչ այժմ նման հարձակման ապացույցներ չեն հայտնաբերվել։