ԱԲ մայրական բնազդներն ու նոր բացահայտում սառցադաշտերի մասին
Մաթեմատիկոս, գիտնական Ջեֆրի Հինթոնը, ում ժամանակակիցները արհեստական բանականության կնքահայրն են համարում, նախազգուշացրել է, որ արհեստական բանականությունը մոտակա տարիներին կարող է գերազանցել մարդկային հնարավորությունները և սկսել հետապնդել իր սեփական նպատակները՝ ինչպիսիք են ինքնուրույն գոյությունը և վերահսկողությունը: Նա առաջարկել է ոչ ստանդարտ լուծում՝ ԱԲ համակարգերում «մայրական բնազդներ» ներդնել, որպեսզի դրանք իսկապես հոգ տանեն մարդկանց մասին՝ ոչ թե պարզապես հնազանդվեն նրանց: Հինթոնի խոսքով՝ այդպես ԱԲ-ն պիտի վերաբերվի մարդկանց, ինչպես ծնողը երեխային՝ բնազդաբար հոգ տանելով նրանց մասին, չնայած ավելի խելացի լինելուն: Նա նախկինում գնահատել էր մարդկության ոչնչացման վտանգը ԱԲ-ի պատճառով 10%-ով՝ հետագայում այն բարձրացնելով մինչև 20%: ԱԲ-ն հնազանդության մեջ պահելը Հինթոնը համարում է անիրատեսական մոտեցում, ու պնդում է՝ լուծումը ոչ թե ԱԲ-ի նկատմամբ գերակայություն հաստատելու փորձերն են, այլ ճիշտ բնազդներ դաստիարակելը:
xAI-ի համահիմնադիր Իգոր Բաբուշկինը լքում է Մասկի ընկերությունը
Մասկի xAI-ի համահիմնադիրներից մեկը՝ Իգոր Բաբուշկինը, այս շաբաթ հայտարարել է իր հեռանալու մասին: Բաբուշկինը հիմնում է իր սեփական վենչուրային ընկերությունը՝ Babuschkin Ventures-ը, որը կենտրոնանա ԱԲ անվտանգության հետազոտությունների վրա և ներդրումներ կկատարի մարդկության զարգացմանն ու տիեզերքի օրենքների ճանաչմանը նպաստող ստարտափներում: Բաբուշկինը նախկինում աշխատել է DeepMind-ում, այնուհետև OpenAI-ում, իսկ xAI-ում պատասխանատու է եղել ենթակառուցվածքների և ինժեներական գործընթացների համար:
Բաբուշկինի հեռացումը խորացնում է Մասկի կադրային կորուստները․ անցյալ շաբաթ հեռացել է իրավական բաժնի ղեկավարը, հուլիսին՝ X-գլխավոր գործադիր տնօրենը: Բաբուշկինի ԱԲ անվտանգության վրա կենտրոնացումը արտացոլում է ոլորտում աճող անհանգստությունները, մասնավորապես Grok-ի հետ կապված սկանդալների և անհանգստացնող վարքագծի մեջ մեղադրանքների համատեքստում: Վերջին ամիսներին xAI-ն հայտնվել է մի շարք սկանդալների կենտրոնում՝ կապված Grok չատ-բոտի հետ, որն, օրինակ, գեներացրել է վիրավորական կամ հակասեմական արտահայտություններ:
Ստորջրյա հետազոտությունը բացահայտել է համաշխարհային ջերմացմանը նպաստող նոր մեխանիզմ
Գիտնականները առաջին անգամ օգտագործել են 10 կմ երկարությամբ օպտիկական մալուխ Գրենլանդիայի սառցադաշտերից մեկի ֆյորդում՝ բացահայտելու համար սառույցի կոտրվելու և օվկիանոսի ջրերի հետ խառնվելու նոր մեխանիզմներ: Distributed Acoustic Sensing (DAS) տեխնոլոգիան թույլ է տվել անվտանգ կերպով հետևել կոտրվող սառույցի դինամիկային: Պարզվել է, որ սառցադաշտից սառույցի պոկվելը առաջացնում է ներքին ծանր ալիքներ՝ տարբեր խտության ջրային շերտերի միջև: Այս ալիքները խորքից տաք ջուրը բարձրացնում են դեպի մակերես և ավելի են փխրեցնում սառցադաշտի սառցե շերտերը:
Բացահայտումը կարևոր նշանակություն ունի կլիմայական մոդելների համար, քանի որ Գրենլանդիայի սառցադաշտերի զանգվածը կարող է օվկիանոսի մակարդակը բարձրացնել մինչև 7 մետր՝ սպառնալով ծովափնյա տարածքներին: