Deepseek-ի ստեղծողները ցնցելուց հետո հայտարարեցին նոր, այս անգամ՝ նկարներ գեներացնող Janus Pro նեյրոցանցի մասին․ պնդում են՝ այն գերազանցում է DALL-E-ին ու Stable Diffusion-ին։ Այս պահին, սակայն, Janus-ն աշխատում է խափանումներով․ հերթ է։ Նոր իրողությունը մեկնաբանել է Ալթմանը (գովել է թե մրցակիցներին, թե մրցակցության փաստը) ու Թրամփը (անվանել է տեղի ունեցածը «զարթուցիչ» ԱՄՆ tech-ոլորտի համար)։ Իսկը ժամանակն է կարդալ՝ ո՞վ է կանգնած Deepseek ակունքներում։
Ի դեպ, Ֆրանսիայի կառավարությունը սեփական՝ Լյուսի չաթբոթն է առաջ մղում․ ու նրան ստիպված էին անջատել այն բանից հետո, երբ, օրինակ, «կովի ուտելու ձվերի մասին» էր պատմում օգտատերերին։
Իսկ Դուբայում դեռ անցած տարի սեփական ԱԲ-ն մի քանի շաբաթում ռեակտիվ շարժիչ է ստեղծել, որը 3D-տպիչով տպել են ն այժմ ակտիվորեն փորձարկում են
Ամերիկացիներն էլ գերձայնային մարդատար օդանավ են փորձարկում
Boom Supersonic ընկերությանի XB-1 օդանավն առաջին անգամ հաղթահարեց գերձայնային արագության շեմը։ Ընկերությունը նպատակ ունի վերականգնել գերձայնային մարդատար թռիչքները, որոնք չեն իրագործվում «Կոնկորդի» վայրէջքից հետո (Այստեղ այն մասին, ինչպես գերձայնային մարդատար օդանավերն այդպես էլ սովորական երևույթ չդարձան):
Այս պահին օդանավն ընդամենը 19-մետրանոց փորձանմուշ է, սակայն հաջողելու դեպքում ընկերությունը մարդատարը ներկայացնել է խոստանում արդեն 2029-ին։ Եթե, իհարկե, ներկայացնելու իմաստ լինի․․․
․․․քանի որ «Արմագեդոնի ժամի» սլաքն էլի առաջ տվեցին
Bulletin of the Atomic Scientists կազմակերպությունը սիմվոլիկ «ժամացույց» ունի, որը ցույց է տալիս՝ որքանով է աշխարհը մոտ միջուկային պատերազմին։ Վատ լուր․ այս պահին մոտ քան երբևէ, անգամ ավելի մոտ, քան Կարիբյան ճգնաժամի ընթացքում։
🔥