Ձյունը գալիս է դանդաղ, պայթյուններ Իսրայելում ու խորհուրդներ և մեղադրանքներ Deepseek հասցեին
Ինչ ենք կարդում այս առավոտ
Երեկվանից եկող ձյան ու դրա հետևանքների մասին մեզանից լավ գիտեք։ Եթե բաց եք թողել՝ Սարի Թաղում բեռնատարը գլորվել է փողոցով վար, մի քանի մեքենայի հարվածելով։ Բացի այդ, գիշերը պարզվեց, որ տասնյակ մարդկանց տեղափոխող ավտոբուսները շահագործվում են համասեզոնային անվադողերով։ Հիշեցնենք, որ սովորական մեքենան ձմռանը ձմեռային անվադողերով չքշելու դեպքում տուգանք է հասնում։ Դպրոցներն այսօր փակվել են, ինչի մասին հայտնեցին ուշ գիշերը, ԵՊՀ-ն էլ «օպերատիվ կերպով»՝ առավոտ ժամը 9-30, հայտարարեց, որ դասերը հեռավար են անցկացվելու։
Ի դեպ, վթարվել էր նաև ՌԴ դեսպանի մեքենան։
Իսկ ի՞նչ կաներ ԱԲ-ն
Հարցրինք Deepseek-ին՝ ինչ էր պետք անել․ չինական չաթբոտը, ճիշտն ասած, մի քիչ շատ խորացավ՝ էլ դեղի պահեստավորում, էլ ապաստարանների կառուցում, բայց չի բացառվում, որ եթե 3 օր էլ այսպես լինի, իրոք, այդ ամենը պետք գա։
Վերջինիս, ի դեպ, մեղադրում են հավաքված տվյալները Bytedance-ին վաճառելու մեջ։
Իսրայելում 3 ավտոբուս է պայթել
Եվս 2-ում գտել են պայթուցիկներ, սակայն հասցրել պայթեցնել հեռավար։ Զոհեր ու վիրավորներ չկան։ Պատասխանատվությունը վերցրել է ՀԱՄԱՍ-ի Արևմտյան ափի բաժանմունքը, ինչից հետո, սպասելիորեն, Իսրայելը հայտարարել է այնտեղ հատուկ գործողություն սկսելու մասին։
Ամերիկացիներն էլ ճնշում են Կիևին՝ 500 միլիարդանոց օգտակար հանածոների գործարք կնքելու պահանջով
Թրամփի խորհրդականը պահանջում է դադարել Թրամփին քննադատել ու ստորագրել համաձայնագիրը, Կիևը չի համաձայնվում։ Հարաբերությունների լարվածության խոսուն մի փաստ էլ Զելենսկու ու Թրամփի բանագնացի հանդիպումից հետո ասուլիսի չկայանալն է։