Հնդկական Քաշմիրում իսլամիստների հարձակում է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 20 զբոսաշրջիկ, կան վիրավորներ։ Լուրը ստիպել է Մոդիին ընդհատել այցն արտասահման ու վերադառնալ երկիր նախատեսվածից շուտ։ Բացի այդ, հարձակումը տեղի է ունենում ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի նախօրեին, ինչն, այսպես ասած, ապտակ է Հնդկաստանի ղեկավարությանը։
Քաշմիրը, հիշեցնենք, վիճելի տարածք է Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Տարածաշրջանում հնդկական կողմից մոտ կես միլիոն զինծառայող է մշտապես տեղակայված։
Ռուսաստանում էլ հրթիռահրետանային զինապահեստ է պայթում
Վլադիմիրի մերձակայքում հրդեհվել է հրթիռահրետանային զորքերի 51-րդզինապահեստը, արդյոք մեղավորն ուկրաինական հարվածն է, թե պատահար, պարզ չէ։ Տեղի բնակիչները տարհանվել են, դեպքի վայրում աշխատում են հրշեջ և փրկարար ծառայությունները։
Խաչատուրյան քույրերի հորը հետմահու ճանաչել են մեղավոր սեռական բռնության մեջ
Գործը քույրերի դեմ դեռ գնում է։ Եթե հետաքրքիր է, կարող եք կարդալ Խաչատուրյանների փաստաբան Մարի Դավթյանի հարցազրույցը ռուսական Մեդուզային։
Մասկն էլ պատրաստվում է կենտրոնանալ Տեսլայի գործերի վրա
Այդ պատճառով նա կրճատելու է ԴՈԳԵ-ում ներգրավվածությունը շաբաթական 1-2 օրով։ Չնայած ֆինանսական տխուր արդյունքներին, Մասկը նշում է, որ Tesla-ն նախատեսում է 2025 թվականի առաջին կիսամյակում շուկա հանել ավելի մատչելի էլեկտրական մեքենաներ և Տեխասի Օսթին քաղաքում գործարկել ռոբոտաքսիների ծառայություն: Նա նաև կանխատեսել է, որ 2026 թվականի երկրորդ կեսին միլիոնավոր Tesla-ներ կաշխատեն լիովին ինքնավար ռեժիմով: Բացի այդ, Մասկը հայտնել է, որ Tesla-ի մարդակերպ ռոբոտը՝ Optimus-ը, կարող է շուկա մտնել արդեն 2025 թվականին և դառնալ ընկերության ամենաարժեքավոր արտադրանքը: Ներդրողները դրականորեն են արձագանքել այս հայտարարություններին, և Tesla-ի բաժնետոմսերի արժեքն աճել է ավելի քան 5%-ով:
IMF-ը զգալիորեն նվազեցրել է 2025 և 2026 թթ գլոբալ տնտեսական աճի կանխատեսումները
Պատճառն ԱՄՆ-ի մաքսատուրքերն են։ 2025-ին համաշխարհային աճի կանխատեսումը կրճատվել է 0.5 տոկոսային կետով՝ մինչ 2.8%, իսկ 2026 թվականի կանխատեսումը՝ 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 3%։
Կապիկները նպատակային հարբում են, պարզել են գիտնականները
Գվինեա-Բիսաուի Կանտանհեզ ազգային պարկում առաջին անգամ նկարահանել են վայրի շիմպանզեների կողմից խմորված ու ալկոհոլ պարունակող պտուղներ ուտելու և իրար հետ կիսվելու պահերը։ Ուսումնասիրությունը բացահայտում է, որ շիմպանզեները ոչ միայն ակտիվորեն փնտրում են խմորված պտուղներ, այլև կիսվում են դրանցով խմբի մյուս անդամների հետ։ Շիմպանզեները նախընտրում են ավելի հասած պտուղները, որոնք պարունակում են մինչև 0.61% ալկոհոլ։ Նրանցից շատերը օգտագործել են գործիքներ՝ պտուղներին հասնելու համար, ինչը վկայում է նպատակային վարքի մասին։ Հետազոտողները ենթադրում են, որ ալկոհոլի սթրեսը նվազեցնող ազդեցությունը կարող է խթանել սոցիալական կապերը շիմպանզեների մոտ։
Ու, այդ առիթով, աշխարհի լավագույն շոտլանդական վիսկիի մասին
2025 թվականի Լոնդոնի ոգելից խմիչքների մրցույթում «Տարվա լավագույն շոտլանդական սինգլ մալթ վիսկի» կոչումը շնորհվել է Glen Moray 15 Year Old Single Malt Scotch-ին։