Նոր մեսենջեր Թվիթերի հիմնադիրից ու մեղուների հարձակում մի քաղաքի վրա
Ինչ ենք կարդում այս առավոտ
Ֆրանսիական Օրիյակ քաղաքի բնակիչները ենթարվել են մեղուների մասսայական հարձակման. ավելի քան 30 րոպե մեղուները կծում էին պատահական անցորդներին, որի արդյունքում տուժեց 24 մարդ, երեքը ծայրահեղ վիճակում են։ Ըստ քաղաքապետի, հյուրանոցի տանիքի վրա տեղակայված մեղուները ագրեսիվ են դարձել փեթակների վրա հարձակված ասիական բոռերի սպառնալիքի պատճառով: Տուժածների թվում է 78-ամյա տղամարդ, ում մեղուները կծել են 25 անգամից ավելի և ում կյանքը հաջողվել է փրկել, նա այժմ կայուն վիճակում է:
META-ն շարունակում է մասնագետներ թռցնել իր ԱԲ-նախագծերի համար
Հերթական զոհն Apple-ն է, որը կորցրել է իր հիմնարար մոդելների թիմի ղեկավար Ռուոմինգ Պանին։ Նա պատասխանատու էր Apple Intelligence-ի վրա հիմնված լեզվական մոդելների մշակման համար: Նա անցել է Meta Superintelligence Labs ստորաբաժանում՝ Meta-ից ստանալով տարեկան տասնյակ միլիոն դոլարների փոխհատուցման փաթեթ: Պանը ղեկավարում էր մոտ 100 ինժեներից բաղկացած թիմ, սակայն վերջերս Apple-ն ավելի հաճախ էր դիտարկում կողմնակի մոդելների օգտագործումը՝ OpenAI-ից և Anthropic։ Սա թիմին դեմոտիվացնում էր։
Ջեք Դորսին ներկայացրել է Bitchat առանց ինտերնետի հաղորդագրությունների հավելվածը
Twitter-ի համահիմնադիր և Block ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսին ներկայացրել է Bitchat անվանումով ապակենտրոնացված P2P մեսենջերը՝ դեռևս փորձնական տարբերակով: Այն աշխատում է Bluetooth Mesh տեխնոլոգիայի հիման վրա և չի պահանջում ինտերնետ կամ սերվերներ: Հավելվածը գաղտնագրում և ժամանակավորապես պահում է հաղորդագրությունները միայն սարքերի վրա՝ ավտոմատ կերպով փոխանցելով դրանք հեռախոսների միջև 30 մետր շառավղով: Bitchat-ը նախատեսված է ինտերնետի անջատման կամ գրաքննության պայմաններում ապահով հաղորդակցություն ապահովելու համար: Ապագայում նախատեսվում է Wi-Fi Direct աջակցություն ավելի լայն ծածկույթի համար:
ԱՄՆ-ն էլ կարմրուկի 33 տարվա ռեկորդ է խփել
Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 1990 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ 38 նահանգում և Կոլումբիա շրջանում հաստատվել է մոտ 1300 վարակման դեպք: Ջոնս Հոփքինս համալսարանի տվյալների համաձայն՝ հիվանդների 92 տոկոսը չի եղել պատվաստված կամ հայտնի չէ՝ պատվաստված էր, թե ոչ:
Բռնկումները հիմնականում տեղի են ունենում ցածր պատվաստվածության մակարդակ ունեցող համայնքներում, այդ թվում՝ մեննոնիտներ կոչվող կրոնական փոքրամասնության շրջանում, որոնք հրաժարվում են ժամանակակից բժշկությունից: Առողջապահության նախարարությունը աճը կապում է ընդդեմ պատվաստման ուժեղացող տրամադրությունների հետ: Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն առաջ քննադատում էր պատվաստումները, այժմ հրապարակայնորեն աջակցություն է հայտնել կարմրուկի դեմ պատվաստանյութին: