Վատիկանում Պապի ընտրությունների առաջին օրն ավարտվեց սև ծուխով։ Դրան զուգահեռ՝ Հնդկաստանի ավիահարվածներից հետո, սև ծուխ է բարձրանում նաև Պակիստանի խորքում՝ հնդկական հարվածներից հետո․ հնդիկները հրապարակում են հարվածների հետևանքների արբանյակային լուսակարներն ու պնդում՝ թիրախում միայն ահաբեկչական կառույցներ էին։ Պակիստանը խոստանում է պատասխան, բայց դեռ չի շտապում:
Արգենտինական արխիվը նացիստների մասին փաստաթղթեր է հրապարակել
1850 փաստաթուղթ վերաբերում է Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայից փախած նացիստների ապաստանելուն Արգենտինայում։ Այս փաստաթղթերը, որոնք նախկինում հասանելի էին միայն հետազոտողներին, այժմ բաց են հանրության համար։ Դրանք ներառում են տեղեկություններ այնպիսի նացիստների մասին, ինչպիսիք են Ադոլֆ Էյխմանը, Յոզեֆ Մենգելեն, Վալտեր Կուչմանը, Կլաուս Բարբին և այլոք։ Փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես են նրանք օգտագործել գաղտնի ուղիները՝ Եվրոպայից Հարավային Ամերիկա տեղափոխվելու համար, հաճախ՝ կեղծ փաստաթղթերով և կաթոլիկ հոգևորականների օգնությամբ։
Tesla-ն չի կարողանում գրանցել Robotaxi ու Cybercab բրենդերը
Գործարկմանն էլ մի ամիս բան է մնում։ ԱՄՆ-ի Պատենտների և ապրանքանիշերի բյուրոն մերժել է «Robotaxi» տերմինի գրանցումը՝ այն համարելով չափազանց ընդհանուր։ Tesla-ն ունի երեք ամիս՝ պատասխանելու այս որոշմանը, հակառակ դեպքում հայտը կհամարվի չեղարկված։ «Cybercab» տերմինի գրանցման հայտերը դադարեցվել են՝ կապված այլ ընկերությունների կողմից «Cyber» նախածանցով ապրանքանիշերի գրանցման փորձերի հետ։ Չնայած դրան, Tesla-ն նախատեսում է հունիսին մեկնարկել իր ինքնավար տաքսի ծառայությունը Օսթինում՝ օգտագործելով 10-ից 20 Model Y ավտոմեքենաներ, որոնք կաշխատեն Full Self-Driving կզբունքով։ Սակայն ներկայումս այն դեռ պահանջում է վարորդի միջամտություն որոշ իրավիճակներում, ինչը հարցեր է առաջացնում ծառայության լիարժեք ինքնավարության վերաբերյալ։
Ու վերջում՝ GTA VI-ի մասին
Խաղին սպասելու ենք մինչև 2026-ի մայիս, բայց այ երկրորդ թրերյլերն արդեն «ցնցել է համացանցը»․ 475 մլն դիտում՝ բոլոր պլատֆորմներում, առաջին օրում։ Դուք էլ դիտեք․