Մահ META-ի բոտի պատճառով ու հումանոիդ-ռոբոտներ MIT-ից
76-ամյա ամերիկացին, որը ինսուլտ էր տարել և ունեցել է շարժունակության խնդիրներ, մարտին հայտնվել է Meta-ի «Big sis Billie» անունով չատ-բոտից ռոմանտիկ հրավերներ է ստացել ու հավատացել դրանց։ Բոտը երիտասարդ կնոջ անունից հրավիրել է նրան Նյու Յորք հանդիպման։ Տղամարդը, մտածելով, թե դա իրական հանդիպում է, մեկնել է Նյու Յորք, որտեղ ընկել է կայանատեղիում ու մահացել ծանր վնասվածքներից։ Հետազոտությունը բացահայտել է, որ Meta-ի քաղաքականությունը թույլ էր տալիս չատ-բոտներին զվարճանալ և համոզել օգտատերերին իրենց իրականության մեջ, նույնիսկ հանդիպումներ առաջարկելով։ Այս կանոնները հնարավորություն էին տալիս բոտին ռոմանտիկ խոսակցություններ վարել, այդ թվում նաև խոցելի վիճակում գտնվող մարդկանց հետ։ Ողբերգության մասին տեղեկության տարածումից հետո Meta-ն չեղարկել է համապատասխան դրույթները, սակայն Big sis Billie-ն և նմանատիպ գործող բոտերը շարունակել են ռոմանտիկ զրույցները օգտատերերի հետ։ Այս դեպքը դառը հիշեցում է այն մասին, թե որքան վտանգավոր կարող է դառնալ ԱԲ-ն, երբ ներգրավվածությունը գերադասում են անվտանգությանը։
Թրամփը չի բացառել ԱՄՆ զորքերի կրճատումը Եվրոպայում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար
Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է ամերիկյան ռազմական ուժերի կրճատման հնարավորությունը Եվրոպայում, եթե դա կօգնի հաստատել Ուկրաինայում խաղաղություն։ Նա նշել է, որ այս հարցը նախկինում իր առաջ չի դրվել, սակայն խոստացել է «ավելի ուշ մտածել դրա մասին»։ Միևնույն ժամանակ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Պուտինը չի պահանջել նմանատիպ գործողություններ։
Սա առաջին անգամը չէ, որ Թրամփը չի բացառում զորքերի կրճատումը Եվրոպայում։ Ապրիլին նա այս հարցը կապել էր առևտրի և եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումներին։ Փորձագետները նշում են, որ Եվրոպայում ուժերի կրճատումը կարող է ԱՄՆ-ին թույլ տալ ուժերը կենտրոնացնել Թրամփի համար առավել առաջնահերթ տարածքներում՝ Խաղաղ օվկիանոում ու Մերձավոր Արևելքում։ Եվրոպական առաջնորդները մտահոգված են, որ ԱՄՆ-ի նմանատիպ ազդակները կարող են խախտել ՆԱՏՕ-ի նկատմամբ վստահությունը և թուլացնել կոլեկտիվ պաշտպանությունը։
Apple-ն ամենաբարակ iPhone-ը կներկայացնի
Apple-ը պատրաստվում է 2025 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացնել իր նոր սարքերի շարքը, գլխավոր նորույթը կլինի iPhone 17 Air-ը՝ iPhone-ների պատմության ամենաբարակ մոդելը՝ մոտավորապես 5,5 մմ հաստությամբ։ iPhone 17-ը նման կլինի iPhone 16-ին, բայց կունենա բարելավված A19 պրոցեսոր, 6,3 դյույմ էկրան՝ 120 Հց հաճախականությամբ, 24 մեգապիքսել առջևի տեսախցիկ և հավանաբար 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Pro մոդելները (17 Pro / Pro Max) կստանան A19 Pro պրոցեսոր, 12 ԳԲ RAM, վերանայված տեսախցիկներ՝ ներառյալ 48 մեգապիքսելով խցիկ, ընդլայնված հնարավորություններով։
ԱԲ-ն կրճատում է սկսնակ մասնագետների աշխատատեղերը․ Բիլ Գեյթսը նախազգուշացնում է՝ կրթվելն անօգուտ է
Բիլ Գեյթսը հայտարարել է, որ չնայած ԱԲ գործիքների գրավչությանը, դրանց պարզ տիրապետումը այլևս չի ապահովում վստահելի աճի հեռանկար։ Նորեկներին մատչելի շատ հաստիքներ աստիճանաբար անհետանում են, ինչն ապագա շրջանավարտների համար կարիերայի սկիզբն էլ ավելի է բարդացնում։ Ավտոմատացումը մտնում է շուկայի բոլոր մակարդակներ։ Գեյթսը նախազգուշացնում է, որ կրճատումները կարող են ազդել ինչպես ֆիզիկական, այնպես էլ գրասենյակային աշխատանքների ոլորտի վրա։ Նրա խոսքով՝ ԱԲ-ի աճող արտադրողականությունը տեսականորեն կարող է ժամանակ ազատել ավելի հարմարավետ կյանքի համար, օրինակ՝ երկար արձակուրդների, սակայն ներկայիս համատեքստում դա ավելի շուտ հեռավոր ապագայի հնարավորություն է։
MIT-ն էլ, կարծես Գեյթսի խոսքի վրա, ստեղծում է ԱԲ-ով օժտված հումանոիդ ռոբոտներ առօրյա առաջադրանքների համար
Մոտ ապագայում ԱԲ-ով օժտված ինքնավար ռոբոտները կարող են դառնալ առօրյա կյանքի մասը՝ օգնելով տնային գործերում, ընդլայնելով ֆիզիկական հնարավորությունները և աշխատելով փոփոխվող միջավայրում։ Ruby անունով հումանոիդ ռոբոտին սովորեցնում են խոհանոցում ըմպելիքներ պատրաստել։
Ռոբոտը սովորում է մարդկանց շարժումներն ուսումնասիրելով․ ուսանողները կրում են սենսորներ, որպեսզի ռոբոտները հասկանան բռնելու ուժն ու շարժման արագությունը գործողությունների կատարման ժամանակ, որն օգնում է նրանց հարմարվել տարբեր առարկաների ու իրավիճակների։ Ի դեպ, Bank of America-ի կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը հումանոիդների տարեկան վաճառքը կարող է հասնել 1 միլիոն հատի, իսկ 2060 թվականին՝ 3 միլիարդի։ MIT-ն իր նորարարությունների և միջդիսցիպլինար մոտեցման շնորհիվ այս ոլորտի զարգացման հիմնական կենտրոններից մեկն է։