Պենտագոնի պիցցայի պատվերներն ու Meta-ի «որսը» OpenAI-ից մարդ բերելու համար
Ինչ ենք կարդում այս առավոտ
Թրամփը սոցցանցերով պահանջել է Իրանի կապիտուլյացիան․ դա, երևի, առաջին նման դեպքն է մարդկային պատմության ընթացքում։ Պատերազմի՝ չդադարող ու կրկնվող հարվածներով փոխանակումների ֆոնին մարդիկ հիշել են Պենտագոնի պիցցայի ինդեքսի մասին․ եթե կարճ, կա մի տեսություն, ըստ որի, Պենտագոնում պիցցայի պատվերների քանակը կտրուկ աճում է ինչ-որ ռազմական սրացման ժամանակ․ ա բացատրվում է նրանով, որ մարդիկ ստիպված են երկար գործի տեղը մնալ ու ֆասթֆուդ են պատվիրում։ Եվ այսպիսով, պատվերները կտրուկ աճել են Իրանին Իսրայելի հարվածներին նախորդող գիշերն ու աճում են նաև հիմա։
Meta-ն OpenAI աշխատակիցներին առաջարկել է մինչև 100 մլն դոլար բոնուս
OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել է, որ Meta ընկերությունը OpenAI-ի աշխատակիցներին առաջարկել է «հսկայական» բոնուսներ՝ մինչև 100 մլն դոլար, պայմանագիր կնքելու դիմաց, ինչպես նաև բարձր տարեկան վարձատրություն՝ առաջատար մասնագետներին իր կողմը գրավելու նպատակով։ Նրա խոսքերով՝ չնայած առատ առաջարկություններին, OpenAI-ի առանցքային աշխատակիցներից ոչ մեկը չի հեռացել ընկերությունից։ Ալթմանը քննադատել է Meta-ի ռազմավարությունը՝ նշելով, որ «մշակույթը բոնուսներով չի գնվում»։ Նա համարում է, որ լավագույն մասնագետները նախապատվություն են տալիս OpenAI-ին, քանի որ տեսնում են ավելի մեծ հեռանկարներ համընդհանուր արհեստական բանականություն (AGI) ստեղծելու հարցում։
Նիդերլանդների կառավարությունը խորհուրդ է տալիս 15 տարեկանից ցածր երեխաներին խուսափել TikTok-ից և Instagram-ից
Մենք մեր մասով խորհուրդ ենք տալիս բոլորին խուսափել ամեն ինչից։ Եթե լուրջ՝ Նիդերլանդների առողջապահության նախարարությունը ծնողներին խորհուրդ է տվել չթույլատրել 15 տարեկանից ցածր երեխաներին օգտագործել TikTok և Instagram, նշելով դեպրեսիայի և քնի խնդիրների աճը դեռահասների շրջանում։ Կառավարությունը առաջարկում է սահմանափակել գաջեթների օգտագործման ժամանակը, չպահել սմարթֆոններն ու նոութբուքները ննջարաններում, իսկ 20 րոպե էկրանային ժամանակից հետո ապահովել նվազագույնը 2 ժամ ակտիվ հանգիստ բաց օդում։ Ավելորդ ժամանակն էկրանի առաջ բացասաբար է ազդում դեռահասների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։