Իլոն Մասկի հիմնադրած Neuralink-ը ներգրավել է ևս 600 միլիոն դոլար ներդրում, ինչի շնորհիվ իր գնահատականը բարձրացել է մինչև 9 միլիարդ դոլար։ Սա զգալի աճ է՝ համեմատած 2023 թվականի 5 միլիարդ դոլար գնահատականի հետ։ Ներդրողների անունները չեն հրապարակվել, սակայն նախորդ փուլերում մասնակցել է նաև Փիթեր Թիլը։ Neuralink-ը ներկայումս փորձարկում է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսը, որի նպատակն է օգնել ողնաշարի վնասվածքներ ունեցող մարդկանց։ Առաջին պացիենտը կարողացել է միայն մտքի ուժով խաղալ խաղեր, ինտերնետ և համակարգիչ օգտագործել։ Մասկը նաև նախատեսում է օգտագործել չիպը՝ բուժելու ճարպակալում, աուտիզմ և դեպրեսիա։
Իսկ Նեթֆլիքսի հիմնադիրը միացել է Antropic-ին
Ռիդ Հեյսթինգսը կզբաղեցնի աթոռ Claude-ով հայտնի 61-մլրդանոց ստարտափի տնօրենների խորհրդում։ Նրա նշանակումը կատարվել է Anthropic-ի Long Term Benefit Trust-ի կողմից՝ 5 հոգի, որոնք չունեն ֆինանսական շահագրգռվածություն որոշումների ընդունման ժամանակ։ Հեյսթինգսը ղեկավարել է Նեթֆլիքսը 25 տարի․ հենց իր օրոք են ներդրվել ալգորիթմերը, որոնք ընկերությանն այդքան մեծ հաջողություն բերեցին։
ԱՄՆ-ում չեղարկեցին Binance դեմ դատական հայցը
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) մայիսի 28-ին կամավոր կերպով հրաժարվել է իր հայցից կրիպտոբորսայի դեմ։ Դատական գործով Binance-ին մեղադրում էին առևտրի ծավալների կեղծման, հաճախորդների միջոցների չարաշահման և շուկայի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ ներդրողներին մոլորեցնելու մեջ։ SEC-ի որոշումը, որը կայացվել է «քաղաքական հայեցողության հիման վրա», արգելում է գործի վերաբացումը։ Այս քայլը համընկնում է Թրամփի վարչակազմի կողմից կրիպտոոլորտի նկատմամբ ավելի բարենպաստ կարգավորումների որդեգրման հետ։