Իսրայելը չի բացառում Այաթոլլայի սպանությունը, OpenAI-ը Պենտագոնի հետ պայմանագիր է կնքում
Ինչ ենք կարդում այս առավոտ
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը շարունակվում է արդեն հինգ օր՝ փոխադարձ օդային և հրթիռային հարձակումներով, որի արդյունքում Իրանում զոհվել է ավելի քան 220 մարդ, իսկ Իսրայելում՝ 24 խաղաղ բնակիչ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը չի բարձրացնի լարվածությունը, այլ կօգնի վերջ դնել հակամարտությանը։
Նեթանյահուն Խամենեիին և նրա շրջապատին բնութագրել է որպես «միջուկային Հիտլեր», որը սպառնում է աշխարհին։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմից կոչ է արել քաղաքացիներին տարհանվել Թեհրանից՝ մեղադրելով Իրանին իր միջուկային ծրագրի սահմանափակումների համաձայնագրերից հրաժարվելու մեջ։
OpenAI-ը խոշոր պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ
200 մլն դոլարի մասին է խոսքը: Համաձայնագրի շրջանակներում OpenAI-ն կմշակի առաջադեմ արհեստական բանականության մոդելներ, որոնք օգտագործելու են ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ Պենտագոնի վարչարարության խնդիրներ լուծելիս։ Այս պայմանագիրը OpenAI համար ռազմավարական հաղթանակ է, որը նշանակում է նրա մուտքը պետական պատվիրատուի ցանկ, այն էլ՝ ռազմական ոլորտ։ Ընկերությունը դառնում է մրցակից Palantir և Anthropic-ի համար նաև այս ոլորտում։
Ամերիկացիները լուրերը ավելի հաճախ ստանում են Ջո Ռոգանից, քան դասական ԶԼՄ-ներից
Reuters Institute-ի Digital News Report 2025 տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում նկատվում է զգալի փոփոխություն լրատվական աղբյուրների հարցում։ Առաջին անգամ ավելի շատ ամերիկացիներ հայտնել են, որ լուրերը ստանում են սոցցանցերի և վիդեո հարթակների միջոցով, քան հեռուստատեսությունից կամ լրատվական կայքերից, իսկ 35 տարեկանից ցածր քաղաքացիների կեսից ավելին սոցցանցերն ու վիդեո հարթակները համարում են լուրերի հիմնական աղբյուր։ Պոդկաստեր Ջո Ռոգանը հայտնվել է առանցքային դեմքերի շարքում․ հարցվածների մոտավորապես 20-22%-ը հանդիպել է նրա նյութերին ընտրություններին հետևած շաբաթվա ընթացքում։ Ամերիկացիների ավելի քան 70%-ն անհանգստություն է զգում ՝ ինտերնետում ճշմարտությունն ու սուտը չտարբերակելու պատճառով։
Pirelli-ն էլ 5G-ով աշխատող անվադող է ներկայացրել
Cyber Tire-ը ներկառուցված սենսորների և 5G կապի միջոցով իրական ժամանակում տվյալներ է փոխանցում ճանապարհային պայմանների մասին։ Տեխնոլոգիան թույլ է տալիս անվադողներին որոշել կպչունության մակարդակը, ջրի առկայությունը, մաշվածությունը և ծածկույթի վիճակը։ «Խելացի» անվադողները նաև «հաղորդակցվում» են այլ մեքենաների հետ՝ նախազգուշացնելով սահուն ճանապարհի կամ հանկարծակի արգելակման մասին։ Նման լուծումները ծրագրված են դառնալ ապագա ավտոնոմ և կիսաավտոնոմ վարման ենթակառուցվածքի կարևոր մասը։