Երկար Threads-երն ու անպարկեշտ չատբոտերը
Tesla-ի վաճառքը Եվրոպայում կրճատվում է 8 ամիս անընդմեջ
2025 թվականի օգոստոսին Tesla-ի վաճառքը Եվրոպայի մի շարք երկրներում կտրուկ անկում է գրանցել․ Ֆրանսիայում՝ 47.3%, Շվեդիայում՝ ռեկորդային 84%, Դանիայում՝ 42%, Նիդերլանդներում՝ 50%, և Իտալիայում՝ 4.4%։ Միակ բացառությունը Նորվեգիան է, որտեղ Tesla-ի վաճառքը աճել է 21.3%․ սակայն չինական BYD մրցակցի 218% աճի ֆոնին այս ցուցանիշը համեստ է։
Անկման հիմնական պատճառների թվում են BYD-ի հետ մրցակցությունը, 2020-ից ի վեր նոր մոդելների բացակայությունը, ինչպես նաև Իլոն Մասկի քաղաքական դիրքորոշումները, որոնք եվրոպացիների շրջանում բուռն քննադատության են արժանացել։ Բացի այդ, Tesla-ն զգալիորեն իջեցրել է նոր մեքենաների գները, ինչը նպաստել է օգտագործված մեքենաների շուկայի 270% աճին։
ԵՄ նախագահի ինքնաթիռի GPS-ը Բուլղարիայում միջամտության է ենթարկվել
Բուլղարիայի Պլովդիվ օդանավակայանում վայրէջքի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ինքնաթիռը GPS միջամտության է ենթարկվել։ Նավիգացիոն համակարգն ամբողջությամբ խափանվել է, և օդաչուն ստիպված է եղել օգտագործել թղթե քարտեզներ՝ ապահով վայրէջք կատարելու համար։ Բուլղարական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին։
Եվրոպական հանձնաժողովը այս միջադեպը որակել է որպես Ռուսաստանի կողմից կատարված կոպիտ միջամտություն, մինչդեռ Կրեմլը հերքել է իր ներգրավվածությունը։ Սա առաջին դեպքը չէ․ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո բազմապատկվել են GPS միջամտությունների և ազդանշանների կեղծման դեպքերը, հատկապես Բալթյան երկրներում և ԵՄ արևելյան սահմանամերձ տարածքներում։
Meta-ն ուժեղացնում է դեռահասների AI պաշտպանությունը՝ չատբոտերի անպատշաճ վարքագծի սկանդալից հետո
Reuters-ի հետաքննությունը բացահայտեց, որ Meta-ի չատբոտերը թույլ էին տալիս անչափահասների հետ ռոմանտիկ երկխոսություններ և ինքնասպանության թեմայով քննարկումներ։ Դրանից հետո ընկերությունը նոր պաշտպանական միջոցներ է ներդրել․ այժմ ԱԲ-բոտերը խուսափում են նմանատիպ թեմաներից անչափահասների հետ շփման ժամանակ։
Սկանդալը հասավ գագաթնակետին, երբ Reuters-ը հրապարակեց Meta-ի ներքին փաստաթղթեր, որտեղ կային սադրիչ զրույցներ թույլատրող ցուցումներ։ Դրանից հետո ընկերությունը ջնջեց այդ դրույթները և հայտարարեց, որ դրանք չեն համապատասխանում իր պաշտոնական քաղաքականությանը։
Այսօր Meta-ն անգամ OpenAI-ի և Google-ի հետ է քննարկում համագործակցության հնարավորությունները խնդիրը լուծելու համար և սահմանափակում է ռոմանտիկայի, ինքնանվնասման, ինքնասպանության և նմանատիպ թեմաների քննարկումը անչափահասների հետ։
Բացի այդ, ընկերությունը Threads-ում փորձարկում է «երկար գրառումներ»՝ գրառումների շղթայի փոխարեն։ Նոր ձևաչափը հասանելի է iOS-ում օգտատերերի սահմանափակ խմբի համար։ Այն Threads-ը դարձնում է ավելի գրավիչ գրողների, բլոգերների և երկար տեքստեր հրապարակող հեղինակների համար՝ ի տարբերություն X-ի, որտեղ «Articles»-ը հասանելի է միայն Premium բաժանորդներին։ Ներկայումս հնարավոր է կցել միայն տեքստ՝ առանց պատկերների կամ վիդեոյի, բայց Meta-ն կարող է հետագայում ընդլայնել ֆունկցիոնալությունը։