Threads-ը հասնում է X-ին, ով կլինի նոր Apple-ը, և Perplexity-ն ուզում է գնել Chrome-ը
Meta Threads-ը հատել է ամսական 400 միլիոն ակտիվ օգտատիրոջ շեմը, հայտարարել է Մարկ Ցուկերբերգը։ Ընդամենը մեկ եռամսյակում Threads-ը ավելացրել է 50 միլիոն նոր օգտատեր։ Մոբայլ սարքերից օգտվողների թիվը հասել է 115,1 միլիոնի՝ ցույց տալով 128% աճ նախորդ տարվա համեմատ, մինչդեռ X-ը նույն ժամանակահատվածում կրճատել է իր լսարանը 15%-ով։ X-ն դեռ առաջատար է՝ 132 միլիոն օրական օգտատերով (մոբայլ սարքերից) և ավելի քան 600 միլիոն ամսական ակտիվ օգտատերով։ Սակայն Threads-ը վստահորեն շարունակում է աճել և զգալիորեն կրճատում է X-ից հետ մնալը՝ հատկապես մոբայլ հարթակում։ Եթե ընթացիկ տեմպերը պահպանվեն, Meta-ն շուտով կարող է հասնել մրցակցին։
Perplexity-ն առաջարկում է գնել Google Chrome-ը 34,5 մլրդ դոլարով
Perplexity AI ստարտափը Alphabet ընկերությանը ներկայացրել է 34,5 մլրդ դոլարի առաջարկ՝ Google Chrome բրաուզերը գնելու համար։ Գումարը գրեթե կրկնակի գերազանցում է Perplexity-ի ընթացիկ 14–18 մլրդ դոլարի գնահատականը։ Ընկերությունը հայտարարել է, որ մի քանի ներդրումային հիմնադրամներից ստացել է գործարքի ամբողջական ֆինանսավորման պարտավորություններ, սակայն դրանց անունները չի հրապարակել։ Chrome-ը աշխարհի ամենամեծ բրաուզերն է՝ ավելի քան երեք միլիարդ օգտատերով։
Perplexity-ն ծրագրում է պահպանել Chromium-ը որպես բաց աղբյուրով նախագիծ և Google-ը թողնել որպես որոնման համակարգ։ Սա արդեն երկրորդ նմանատիպ առաջարկն է. նախկինում Perplexity-ն փորձել էր գնել TikTok-ի ամերիկյան բիզնեսը։ Ներկայում Google-ը ԱՄՆ հակամենաշնորհային մարմինների ճնշման տակ է, և դատավորը կարող է պարտավորեցնել ընկերությանը վաճառել Chrome-ը՝ մրցակցության խախտման գործի շրջանակում։
OpenAI-ն աջակցում է Merge Labs-ին՝ Neuralink-ի հետ մրցող ծրագրին
Merge Labs-ը նպատակ ունի ստեղծել գերարագ ուղեղային ինտերֆեյսներ և օգտագործել արհեստական բանականությունը՝ բարելավելու մարդու և մեքենայի փոխազդեցությունը։ Սա «the merge» գաղափարի զարգացումն է՝ մարդու և տեխնոլոգիայի սիներգիա, որի մասին Ալթմանը բազմիցս խոսել է։ Merge Labs-ը դառնում է BCI (brain-computer interface) շուկայի նոր խաղացող, որտեղ ավանդաբար գերակայում է Մասկի Neuralink-ը։ Այս իրավիճակը էլ ավելի է թեժացնում Ալթմանի և Մասկի երկարամյա մրցակցությունը։
«Հաջորդ Apple-ը կդառնա նա, ով սմարթֆոնից պրիմիտիվ բան կստեղծի»
Այս կարծիքը հայտնել է Andreessen Horowitz-ի համահիմնադիր Մարկ Անդրիսենը՝ նշելով, որ ժամանակն է նոր հեղափոխական սարքի, որը ամբողջությամբ կփոխարինի սմարթֆոններին և կհարուցի տեխնոլոգիական առաջընթաց՝ ինչպես ժամանակին արեց iPhone-ը։ Նա նշել է, որ նման սարքի ստեղծումը կարող է տևել և՛ երեք տարի, և՛ երկու տասնամյակ։ Անդրիսենը ենթադրել է, որ ապագայի տեխնոլոգիան կհիմնվի հայացքով կառավարման վրա՝ հեռանալով էկրանից և սմարթֆոնի կոնցեպտից։ Նման սարքերի վրա արդեն աշխատում են մի քանի ընկերություններ․ Սեմ Ալթմանն ու Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվը ստեղծում են գաղտնի ԱԲ սարք, Rabbit և Humane ստարտափները մշակում են առանց էկրանի ԱԲ ուղեկիցներ, իսկ Meta-ն փորձարկում է խելացի ակնոցներ։ Անդրիսենը նաև նշել է, որ Apple-ը դեռևս կարող է լինել այն ընկերությունը, որը կիրականացնի հաջորդ տեխնոլոգիական հեղափոխությունը։