Vogue-ի լեգենդար խմբագրի հրաժարականն ու կիբերհանցագործների շղթայի ջախջախումը
Ինչ ենք կարդում այս առավոտ
37 տարի ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագրի պաշտոնում աշխատելուց հետո 75-ամյա Աննա Վինտուրը փոխանցում է ամենօրյա խմբագրական աշխատանքը երիտասարդ խմբագիրներին: Նա կզբաղեցնի «Բովանդակության գլխավոր խմբագրի» պաշտոնն ու ոչ ավել։ Վինտուրը կարողացավ արմատապես փոխակերպել ժամանակակից մոդայի լրագրությունը՝ հորինելով հայտնի անձանց՝ շապիկին տեղադրելը, Met Gala-ն ու բազմաթիվ այլ նախաձեռնություններ։ Միաժամանակ Վինտուրը կմնա Condé Nast-ի գլոբալ խմբագրական տնօրեն՝ վերահսկելով Vanity Fair, GQ եւ Architectural Digest ապրանքանիշները:
Ամերիկյան ու ֆրանսիական իրավապահները կիբերհանցագործների շղթա են ջախջախել
Ձերբակալել են BreachForums կիբեռֆորումի հետ կապված 5 հոգու։ Սա գողացված տվյալների առևտրի ամենախոշոր կենտրոններից է: Ձերբակալվածներին կասկածում են40-ից ավելի ընկերությունների համակարգերը կոտրելու և 25 միլիոն դոլարից ավելի վնաս պատճառելու մեջ, ներառյալ հիվանդների անձնական տվյալների՝ անուններ, ծննդյան ամսաթվեր ու սոցապահովագրության համարների ապօրինի վաճառքի փորձեր:
Իսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն ժամանակավորապես կասեցրել է 2036 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպող երկրի ընտրությունը։
Որոշումն ընդունվել է ՄՕԿ-ի նոր ղեկավար Կիրստի Կովենտրիի նախաձեռնությամբ՝ կազմակերպության անդամների մեծամասնության պահանջով։ Նրանք պահանջում են կանոնները վերանայել ու ընթացակարգը ավելի թափանցիկ դարձնել: Ի դեպ, ֆավորիտ երկիր էր համարվում Հնդկաստանը։ Դելին շարունակում է հետաքրքրություն դրսեւորել մասնակցության նկատմամբ՝ չնայած գործընթացի կասեցմանը: Հնդկական պատվիրակությունը դեռեւս պլանավորում է այցելել ՄՕԿ-ի գլխավոր բազան Լոզանում հունիսի վերջին: